Միջին քաղաքացին ՀՀ-ում բարելավել է իր կյանքը. Էդուարդ Հակոբյան
Այո, երբ նայում ենք միջին աշխատավարձերին, աճեր կան, այսինքն՝ միջին քաղաքացին ՀՀ-ում բարելավել է իր կյանքը, իսկ եթե գնաճն էլ այդ անվանականից հանում ենք, այդ չափով բարելավում կա: Խոսքը միջին աշխատավարձերի համամատության մասին էր, ինչի մասին վարչապետը հնչեցրել էր:
Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, որոնք հետաքրքրվում էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2024 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ արած հայտարարությամբ:
ՊԵԿ նախագահի խոսքով, սակայն, դա դեռ չի նշանակում, որ բոլորի մոտ համաչափ է՝ պարզապես ընդհանուր միտումն է այդպիսին:
«Իրականում, այո՛, բարեկեցության, այդ առումով միջինում բարելավում կա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է գնաճի տեմպերին, ՊԵԿ նախագահը նկատեց՝ դա ՊԵԿ-ի աշխատանքի տիրույթում չէ, այլ գնաճի հետ աշխատող կառույցի՝ ԿԲ-ի տիրույթում է:
Հիշեցնենք՝ վարչապետը պետբյուջեի կատարման տարեկան հաշվետվության քննարկմանը մասնավորապես ասել էր՝ մարդիկ Հայաստանում ավելի լավ են ապրում և ավելի լավ են ապրում գնաճի հաշվառումով և ավելի լավ են ապրում շուրջ 50 տոկոսով: