հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Միջին եւ բարձր տեխնոլոգիական մշակման ապրանքների արտահանումը 2,5 անգամ ավելացել է․ Քերոբյան

Միջին եւ բարձր տեխնոլոգիական մշակման ապրանքների արտահանումը 2,5 անգամ ավելացել է․ Քերոբյան

Հայաստանից միջին եւ բարձր տեխնոլոգիական մշակման ապրանքների արտահանումը 10 տոկոսից հասել է 25 տոկոսի։ Այս մասին փետրվարի 10-ին Ազգային ժողովի նիստում հայտարարեց Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

Նախարարի խոսքով՝ մի քանի տարի առաջ Հայաստանից արտահանման շուրջ 60 տոկոսը կազմում էին հանքարդյունաբերական հումքային ապրանքները։ Այսինքն, ըստ էության, մետաղական խտանյութերը։ Եվս 20 տոկոսը՝ առաջնային սպառման ապրանքները։ Այսինքն՝ թարմ մրգերը եւ բանջարեղենը: 10 տոկոսը ցածր մշակման, եւս 10 տոկոսը՝ միջին եւ բարձր մշակման ապրանքներ են։

«Այժմ արտահանման մեջ հումքային ապրանքների տոկոսը 60-ից նվազել է 45 տոկոսի, առաջնային ապրանքներինը՝ 20-ից 11 տոկոսի։ Միաժամանակ ցածր տեխնոլոգիական ապրանքները մնացել են մոտավորապես նույն մակարդակի վրա։ Այսինքն 9 տոկոսից մի փոքր ավելի: Միաժամանակ միջին եւ բարձր տեխնոլոգիական ապրանքների մասնաբաժինը 10-ից հասել է 25 տոկոսի»,- պարզաբանել է Քերոբյանը։

Այնուամենայնիվ, արտադրողականությունն ընդհանուր առմամբ ցածր է մնում: Խնդիրը լուծելու եւ մրցունակ արտադրություններ ստեղծելու նպատակով կառավարությունը որոշել է սուբսիդավորել ժամանակակից սարքավորումների գնումը։

  • Կիսվել: