Միայն 2024-ին Երևանի քաղաքապետարանը ստեղծել է 12,8 հեկտար կանաչ տարածքներ, ծառերի կպչողականությունը՝ 95 տոկոս. Ավինյան
Միայն նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը ստեղծել է 12,8 հեկտար կանաչ տարածքներ, տնկել է ծառեր՝ համապատասխան ոռոգման համակարգերով, 31 հազար գծամետր ոռոգման համակարգեր է քաշել… միայն նախորդ տարի: Այդ ծառերի կպչողականությունը 95 տոկոս է: Այս մասին Երևանի ավագանու՝ մարտի 18-ի նիստին ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ արձագանքելով ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության ղեկավար Արամ Թորոսյանի դիտարկմանը, թե քաղաքային իշխանությունը պետք է կանաչապատումից չխոսի:
Ավինյանը հիշեցրեց՝ ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության քաղաքական ղեկավարը 3 տարի եղել է քաղաքապետ, և թե աշխատանքներն ինչ արդյունք են տվել։
«Ուզո՞ւմ եք իմանալ՝ ձեր ղեկավարի վարած քաղաքականության տարիներին քանի տոկոս էին կազմում ոչ այնքան էական ծավալներով իրականացված ծառատնկման աշխատանքները։ Մոտավորապես՝ 40»,- ասաց Ավինյանը՝ հավելելով, որ շատ տեղերում, որտեղ նախկինում իրականացվել էին ծառատնկման աշխատանքներ, ծառերը չորացել են ոռոգման համակարգ չլինելու պատճառով։
«Վերջին 3 տարում մոտավորապես 45,8 հեկտար կանաչ տարածքներ է ստեղծել Երևանի քաղաքապետարանը»,- ասաց Ավինյանը։