շաբաթ, հունիս 13
13 / 6 / 2026
Մենք չենք մերժել ՀԷՑ–ի ներդրումային ծրագրերը. Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանեց Ղազինյանին

Մենք չենք մերժել ՀԷՑ–ի ներդրումային ծրագրերը. Մեսրոպ Մեսրոպյանը պատասխանեց Ղազինյանին

Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահը իրավասու չէ գնահատելու արբիտրաժային վեճի արդյունքում ընդունված որոշման ակտի ապահովման կիրառելիությունը. օտարերկրյա արբիտրաժներում որոշումները ճանաչվում են և կիրառելիության հարցը որոշում է ՀՀ սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ անդրադառնալով ՀԷՑ–ի շուրջ զարգացումներին։

«Եթե ավելի պարզ ասեմ, այդ որոշման ակտը դեռ որևէ կերպ չի կարող տարածվել ինձ վերաբերելի գործողությունների առումով այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ օրենսդրությամբ այն չի ճանաչվել և կիրառման մեխանիզմները դեռ հստակեցված չեն»,–ասաց նա։

Անդրադառնալով նրան, որ ինքն է միայնակ որոշել ՀԷՑ–ում ժամանակավոր կառավարիչ նշանակել, ոչ թե ՀԾԿՀ հանձնաժողովը, նա ասաց. «Նոր օրենքի փոփոխությամբ, ինձ տրված այդ բացառիկ լիազորությունը չի խախտում կոլեգիալության սկզբունքը։ Այդ օրենքների փոփոխությամբ ես իրավունք եմ ստացել միանձնյա որոշում կայացնելու՝ վարույթ հարուցելու և կառավարիչ նշանակելու վերաբերյալ։ Բայց վարույթի արդյունքները ամփոփելու մասով այն պետք է լինի կոլեգիալ և վարույթի արդյունքները պետք է որոշվի արդեն հանրային ծառայություն կարգավորող հանձնաժողովի բոլոր անդամների ձայների բացարձակ մեծամասնությամբ»։

Նա անդրադարձավ նաեւ ՀԷՑ–ի նախկին տնօրենը Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ երբեմն իրենց առաջարկած ներդրումային ծրագրերը մերժել են և այդպիսով հնարավորություն չեն տվել բարելավել մատուցվող ծառայությունները։ ՀԾԿՀ նախագահն ասաց. ««Մենք չենք մերժել ՀԷՑ–ի ներդրումային ծրագրերը այն իմաստով, որ կա հաստատված ներդրումային ծրագիր մինչև 2034 թվականը և անկախ նրանից ամեն տարի վերանայվող ներդրումային ծրագիրը մենք ընդունում ենք, թե չենք ընդունում որպես հանձնաժողով, այդ արդեն հաստատված ծրագրով իրենք իրենց տարեկան ներդրումային ծրագիրը կարող են իրականացնել։ Պարզապես իրենք այդ տարի առաջարկում էին ավելի մեծ ծավալով ներդրումներ անել ստեղծված տեխնիկական իրավիճակը ավելի լավացնելու նպատակով, բայց դա իր հերթին բերում էր նոր որակական ցուցանիշների վատթարացման, որը հանձնաժողովի համար անընդունելի էր։ Նախորդ տարիներին չանելով համապատասխան քանակի անհրաժեշտ ներդրումներ, հետևաբար տվյալ ֆինանսներին համապատասխան այդքան անգամ պլանային անջատումներ չանելով, ՀԷՑ–ը հնարավորություն էր ստացել այդ չանելու արդյունքում ապահովել որակի ցուցանիշներ, որակի ցուցանիշներ ասելով այս դեպքում հասկանում ենք անջատումների քանակ, անջատումների տևողություն, և ահա վերջում արդեն այս տարվա համար առաջարկում էին, որ անենք այսքան դրամով ավել ներդրումներ, բայց այդ պլանային անջատումները բերեք, մի կիրառեք, որպես որակի ցուցանիշի վրա ազդող գործոն, ինչի հետ մենք մեր համաձայնությունը բնականաբար չէինք կարող տալ»։

  • Կիսվել: