շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Կոմպրոմիսային տարբերակ քննարկվեց, երթուղիներն իրար չպետք է խանգարեն․ ՏԿԵ փոխնախարար

Կոմպրոմիսային տարբերակ քննարկվեց, երթուղիներն իրար չպետք է խանգարեն․ ՏԿԵ փոխնախարար

Քաղաքացիները պահանջում էին, որ 59 երթուղին մտնի բնակավայր, որպես կոմպրոմիսային առաջարկ քննարկվեց, որպեսզի 59 համարը մոտ 100 կամ 150 մետր ավել գնա եւ հասնի «Փոստի շենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ փոխնախարար Արմեն Սիմոնյանը՝ անդրադառնալով Քասախ եւ Պռոշյան գյուղերը Երեւանին կապող տրանսպորտին:

«Այդ դեպքում կստացվի, որ թե թիվ 25, թե թիվ 59 երթուղիները կգործեն, մենք կդիտարկենք այդ տարբերակը, եթե ընդունելի լինի նաև Երևանի քաղաքապետարանի համար, հարցը կարող է այդպես լուծվել: Նաեւ ժամանակ խնդրեցինք մասնակիցներից, որպեսզի քննարկենք և մեր պատասխանը այդ մասով տանք»,-ասաց նա:

Հարցին՝ հնարավո՞ր է, որ այս լուծումն ընդունելի չլինի «Մուլտի տրանսպորտի» համար, փոխնախարարը պատասխանեց. «Իհարկե, «Մուլտի տրանսպորտի» հետ էլ պետք է քննարկվի, որովհետև պետք է այնպես անել, որպեսզի երթուղիները մեկը մյուսին չխոչընդոտեն, չխանգարեն և բոլորը կարողանան օգտվել երթուղիներից։ Այսինքն բոլորը գոհ մնան թե՛ քաղաքացիները և թե՛ փոխադրողները»:

Դիտարկմանը, որ բնակիչները բողոքում են նաեւ, որ «Մուլտի տրանսպորտ»-ի կողմից առաջարկվող «Գազելները» հարմարավետ չեն հաշմանդամություն ունեցողների համար և մարդիկ չեն կարողանալու օգտվել, փոխնախարարն ասաց, որ այդ հարցն էլ են քննարկել. «Կառավարության որոշմամբ, մրցութային կարգով տրանսպորտային միջոցներ են ներգրավում, այդ տրանսպորտային միջոցները ամեն երթուղում պետք է առնվազն 10%-ը հարմարեցված լինեն նման քաղաքացիների տեղաշարժը ապահովելու համար: Այս պարագայում մեկ տրանսպորտային միջոց լինելու է այդպիսի հարմարեցված և բնակավայրի հետ պետք է համաձայնեցվի, թե որ ժամին պետք է այդ տրանսպորտային միջոցը իր երթը սկսի: Այդ մասով հարցը լուծված է:

  • Կիսվել: