Խորհրդարանը քննարկում է 2024 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
Ազգային ժողովը հունիսի 17-ին սկսել է հերթական նիստերի աշխատանքը:
Նիստերի օրակարգը հաստատելուց հետո պատգամավորները քննարկել են ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը: Այն ներկայացրել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: Նա արձանագրել է, որ բյուջեի նկատմամբ հետաքրքրվածությունը տարեցտարի աճում է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Ֆինանսների նախարարությունը շարունակաբար փորձում է վերջինիս բովանդակությունն ավելի մատչելի դարձնել, ընդլայնել հաղորդակցության ուղիները՝ այդպիսով բյուջեի շահառու տարբեր խմբերին առաջարկելով ավելի հասցեական բովանդակություն:
Խոսելով հարկային վարչարարությունից՝ զեկուցողը նշել է, որ այն իր թիրախում պետք է պահի հարկային կարգապահության հարցը:
«Ուրախ եմ, որ վերջին տարվա ընթացքում կայացված որոշումներն ու օրենսդրական փոփոխություններն ընդլայնել են վարչարարության գործիքակազմը: Վստահ եմ՝ թվայնացման եւ արհեստական բանականության գործիքների կիրառման ընդլայնմամբ հնարավորություն ենք ունենալու ավելի արդյունավետորեն բացահայտելու հարկերից խուսափելու դեպքերն ու կիրառելու համարժեք պատասխանատվություն»:
Անդրադառնալով Հայաստանում տնտեսական զարգացումներին՝ Վահե Հովհաննիսյանն ընդգծել է, որ 2024 թվականը մեր երկրի համար տնտեսական աճի կայունացման ժամանակահատված է եղել:
Նշվել է, որ 2024 թվականին գրանցվել է 5,9 տոկոս տնտեսական աճ՝ հիմնականում պայմանավորված ծառայությունների աճով: 2021-2024 թվականներին ՀՀ տնտեսությունում միջինում գրանցվել է 8.2 տոկոս տնտեսական աճ:
Նախարարը փաստել է, որ վերջին երեք տարիների բարձր տնտեսական աճն ուղեկցվել է բնակչության կենսամակարդակի բարձրացմամբ: Զեկուցողի խոսքով այդ մասին վկայում են նաեւ կենսամակարդակը բնութագրող հիմնական ցուցնիշների դրական դինամիկաները:
Վահե Հովհաննիսյանը խոսել է նաեւ մի շարք ոլորտներում գրանցված դրական զարգացումների մասին, ներկայացրել թվային որոշ տվյալներ: