Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային և Հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։
Քննարկվել են «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքները։ Ներկայացվել է Թալին–Գյումրի (մոտ 42 կմ) հատվածի շինարարական առաջընթացը, ինչպես նաև Քաջարանի թունելի (7 կմ) և մոտեցնող ճանապարհների (շուրջ 4 կմ) վերակառուցման մրցութային գործընթացի ընթացքը։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման մրցույթի առաջին փուլի արդյունքներին, ինչպես նաև 2024թ. Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետևանքների վերացմանն առնչվող հարցերի լայն շրջանակի: