Կարևորվել է ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված աշխատանքների համակարգված իրականացումը
Այսօր Երևանում կայացել է համատեղ համակարգման կոմիտեի (ՀՀԿ) 5-րդ նիստը՝ նվիրված Հայկական ատոմային էլեկտրակայանի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրի (ՇԺԵ-2) իրականացման ընթացքին։ Այդ մասին հայտնում են ՏԿԵՆ-ից:
Նիստը նախագահել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, իսկ ռուսական կողմից՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի բլոկի տնօրեն Կիրիլ Կոմարովը։

Նիստի ընթացքում ամփոփվել են ՇԺԵ-2 ծրագրի շրջանակներում մինչ օրս իրականացված աշխատանքները, քննարկվել ընթացիկ և առաջիկա միջոցառումները, տեխնիկական լուծումները, ինչպես նաև ծրագրի հետագա իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանը մասնակցել են ՀԱԷԿ-ի ղեկավար կազմի, ինչպես նաև ծրագրում ներգրավված հայկական և ռուսական ոլորտային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Կողմերը կարևորել են աշխատանքների համակարգված և հետևողական իրականացումը՝ ուղղված ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի անվտանգ, հուսալի և երկարաժամկետ շահագործման ապահովմանը։
Նիստի ավարտին կողմերը վերահաստատել են պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը և համատեղ աշխատանքը՝ ՇԺԵ-2 ծրագրով նախատեսված միջոցառումների հաջող իրականացման ուղղությամբ։



