չորեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2025
Կառավարությունն իր առջև դրված խնդիրները կատարել է և կա բյուջեի կատարողական. Թունյան

Կառավարությունն իր առջև դրված խնդիրները կատարել է և կա բյուջեի կատարողական. Թունյան

Հաշվեքննիչ պալատն արձանագրել է 83 անհամապատասխանություն և 6 խեղաթյուրում. Ջանջուղազյան

Ազգային ժողովը հունիսի 18-ին շարունակել է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկումը, որը սկսվել էր նախորդ օրը:

Հաշվետվության վերաբերյալ հարակից զեկույց է ունեցել Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը: «ՀՀ 2024 թվականի  պետական բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է ճշմարիտ և իրական պատկերը՝ կիրառելի հիմունքների համաձայն: Եվ ըստ այդմ՝ Հաշվեքննիչ պալատն արտահայտում է դրական եզրահանգում»,- Հաշվեքննիչ պալատի եզրակացությունը ներկայացնելով՝ ընդգծել է Ատոմ Ջանջուղազյանը: Նա  հավելել է, որ  պալատն արձանագրել է 83 անհամապատասխանություն և 6 խեղաթյուրում, որոնք, սակայն, չեն ազդել հաշվեքննության կարծիքի վրա: Դրանց վերաբերյալ ներկայացվել են առաջարկություններ:

Հարակից զեկույցով ելույթ է ունեցել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: «2024 թվականի պետական բյուջեի կատարման  ընթացքում մենք արձանագրել ենք, որ հարկային եկամուտները կազմել են 2,391 մլրդ դրամ, որը կազմում է 92,7 տոկոս կատարման մակարդակ: Այս թիվը խոսում է մեր ժողովրդի վստահության մասին՝ համակարգի նկատմամբ, և պատրաստակամության մասին՝ երկիրն առանցքային տնտեսական քայլերով առաջ տանելու»,- ընդգծել է Ծովինար Վարդանյանը՝ խոսելով պետության նկատմամբ հանրության վերաբերմունքի համատեքստում:

«ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը համակողմանի ուսումնասիրություններից հետո տվել է դրական եզրակացություն 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությանը՝ հիմք ընդունելով բյուջետային գործընթացում արձանագրված արդյունքները, առաջընթացը և առկա բարելավման տեմպերը»,- ամփոփելով ելույթը՝ ասել է հանձնաժողովի նախագահը:

Հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը տեղեկացրել է, որ հաշվետու տարվա բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում մանրամասն ներկայացվել են ոլորտն ընդգրկող ծրագրային բոլոր դրույթներն ու բարեփոխումները:

Հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն էլ նշել է, որ Կառավարությունն իր առջև դրված խնդիրները կատարել է, և կա բյուջեի  կատարողական:

Ելույթներով հանդես գալու համար գրանցվել է երեք տասնյակից ավելի պատգամավոր: Նրանք հանդես են գալիս ելույթներով:

  • Կիսվել: