Ջրի որակի ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում. Առնակ Ավետիսյանը՝ Բյուրեղավանում ջրի հետ կապված խնդրի մասին
Դժվար է փաստել, որ ջրամատակարարման որակի հետ կապված վատթարացում կա, որովհետև տվյալները, որոնց հղում եք կատարում, պարզ չեն՝ որտեղից են, և նաև մեր դիրքորոշումն այս հարցում հետևյալն է. Կառավարության ծրագրով հստակ ամրագրել ենք, որ ջրամատակարարման մասով, մասնավորապես՝ խմելու ջրամատակարարման, Երևանում և Գյումրիում պատրաստվում ենք ապահովել 24-ժամյա մշտական և կայուն ջրամատակարարում։ Այս մասին այսօր՝ ԱԺ հոկտեմբերի 27-ի նիստում, հայտարարեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի՝ ջրի որակին վերաբերող հարցին։ Վերջինս մասնավորապես խոսեց վերջին ամիսներին հանրապետությունում ջրից թունավորման դեպքերի մասին, մասնավորապես՝ Բյուրեղավանում, Նուռնուսում և Արզնիում։
«Դա մեր քաղաքական հանձնառությունն է։ Այս ուղղությամբ աշխատանքներ մշտապես իրականացվում են։ Ինչ վերաբերում է ջրի թունավորման դեպքերին, այդ մասով կարծում եմ՝ շատ սպեկուլյատիվ է հիմա այս ամբիոնից այդ մասին հայտարարություններ անելը նաև մեր կողմից, և այդ մասով պետք է սպասենք համապատասխան վարույթների եզրակացություններին և արձանագրումներին, որպեսզի չստացվի, թե սխալ տեղեկատվություն ենք փոխանցում մեր հանրությանը, բայց այդ մասով Կառավարությունը ինտենսիվ զբաղվում է»,- հայտարարեց Ավետիսյանը։
Ինչ վերաբերում է Բյուրեղավանի մասով, նշեց՝ ջրի որակի ամենօրյա մոնիթորինգ է իրականացվում, ինչպես նաև ներդրումներ են կատարվում նոր ջրագծերի կառուցման համար, որպեսզի հնարավոր ազդեցությունները ջրամատակարարման համակարգերի վրա չեզոքացվեն, եթե նույնիսկ դրանք առկա են եղել։
«Բայց, ամեն դեպքում, դրանց առկայության փաստը պետք է հաստատվի բազմակողմանի քննության արդյունքում»,- ասաց Առնակ Ավետիսյանը։



