«Ինտտեգրալ Սոլյուշնս» ՍՊԸ-ն Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ է ստացել. հավաստագրման հանձնաժողովը հաստատել է հայտը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորությամբ հունիսի 19-ին տեղի է ունեցել է ՀՀ կառավարության որոշմամբ «Ինժեներական քաղաքի» ստեղծման նպատակով ձևավորված հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը։ Ներկայացվել և քննարկվել է «Ինտտեգրալ Սոլյուշնս» ՍՊԸ-ից ստացված հայտը՝ Ինժեներական քաղաքում ռեզիդենտի կարգավիճակ ստանալու վերաբերյալ։
Հանձնաժողովի անդամների կողմից փաստարկվել է, որ հայտը մանրամասն ուսումնասիրվել է, և այն համապատասխանում է սահմանված չափանիշներին և պայմաններին։
«Ինտտեգրալ Սոլյուշնս» ՍՊԸ-ի ներկայիս գործունեությունը, հեռանկարային ծրագրերը, ընդլայնման ու զարգացման հնարավորություններն է ներկայացրել «Ինտտեգրալ Սոլյուշնսի» համահիմնադիր, ՏՀՏԳՄ գործադիր տնօրեն Էդուարդ Մուսայելյանը։ Նշվել է, որ ընկերությունը ստեղծվել է 2023 թ., զբաղվում է կիսահաղորդիչների դիզայնով, վավերացմամբ և ստուգմամբ, կարևորվել է «Սիմենս» ընկերությունից ձեռք բերված Սուպերհամակարգիչի փաստը, որն իր տեսակով միակն է տարածաշրջանում, և որը նախատեսվում է տեղադրել Ինժեներական քաղաքում՝ օգտագործելով համակարգչի ամբողջ պոտենցիալը։
Հանձնաժողովի անդամները հարցեր են ուղղել բանախոսին, որից հետո, քվեարկության արդյունքում, միաձայն հաստատվել է «Ինտտեգրալ Սոլյուշնս» ՍՊԸ-ի հայտը։
Ամփոփելով նիստը՝ Ռուբեն Սիմոնյանը կարևորել է «Ինժեներական քաղաք»-ի դերը՝ տարածաշրջանային տեխնոհաբ դառնալու, Հայաստանում տեխնոլոգիաների զարգացման ու առաջընթացի համատեքստում։