կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Ինչո՞ւ են փակվում մարզային անասնաբուժական լաբորատորիաները. ՍԱՏՄ պատասխանը

Ինչո՞ւ են փակվում մարզային անասնաբուժական լաբորատորիաները. ՍԱՏՄ պատասխանը

Այս պահին ուղղակի իրականացվում է ՀԱԲԼԾԿ (Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն) կարողությունների վերլուծություն, օպտիմալացում, որը չի ենթադրում բոլոր մարզային լաբորտորիաների փակում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետ Անուշ Հարությունյանը։
Ավելի վաղ սոցանցերում տեղեկություն էր շրջանառվում, որ նախագիծ է շրջանառում` փակելու անասնաբուժական մարզային լաբորատորիաները։ Գործարար, ֆերմեր Հարություն Մնացականյանը «Ֆեյսբուքի» իր էջում ահազանգել էր, որ բացի այն, որ ոլորտին դա լուրջ հարված կարող է հասցնել, նաև սակավաթիվ մասնագետները կմնան անգործ։ Աշխարհում, նրա խոսքով, միայն խիստ հետամնաց երկրներում է, որ չկան տարածքային լաբորատորիաներ։
 
«Հարցն, անշուշտ, պլանավորվում է քննարկել տեսչական մարմնի կառավարման խորհրդում, ինչպես նաև ոլորտի համապատասխան մասնագետների, այդ թվում` հասարակական կազմակերպությունների, մասնակցությամբ։ Այդ հարցի վերաբերյալ հստակ որոշումը, իհարկե, կհրապարակայնացվի»,–մեզ հետ զրույցում վստահեցրեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնի պետը։
Sputnik Արմենիան փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանից, սակայն նա ասաց, որ այդ հարցը ՍԱՏՄ–ի տիրույթում է, քննարկում են։
«Լուծումներ պետք է գտնենք։ Մենք հակված ենք ունենալու արդյունավետ համակարգ. եթե կարողանանք գտնել լուծում, որպեսզի ավելի արդյունավետ համակարգ ստեղծենք, մենք դեմ չենք լինի։ Այսինքն` ինքնանպատակ չէ այդ քանակի լաբորատորիաների տեղակայումը մարզերում։ Կարևորը` խնդիրն արդյունավետ լուծվի»,– ավելացրեց նախարարը։
Նշենք, որ ՀՀ–ում այս պահին գործում է 10 մարզային, 21 տարածաշրջանային լաբորատորիաներ, որոնք իրականացնում են նախնական ախտորոշումներ:

  • Կիսվել: