Այսօր առավոտից այդ օբյեկտների «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող կապարակնքված օբյեկտների աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի մոտ։ Այն բանից հետո, երբ այնտեղ նրանց խոստացան պատասխանել վաղը, ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին ՊԵԿ քննչական վարչության շենքի մոտ։

Այստեղ ցուցարարների ներկայացուցիչներին ընդունել է վարչության պետի տեղակալ Արմեն Գևորգյանը։

Հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում «Մուլտի ռեզորթ»-ին կից ռեստորանի տնօրեն Արմինե Դավթյանն ասաց, որ Պետական եկամուտների կոմիտեում խոստացել են հնարավորինս արագ ավարտել փորձաքննությունները։

Նրա խոսքով՝ ՊԵԿ ներկայացուցիչը խոստացել է գործադրել բոլոր լծակները՝ փորձաքննություններն արագացնելու համար։

Դավթյանը նշել է, որ շատ բան չի կարող հայտնել, քանի որ ընթանում է նախաքննություն․ «Սակայն պատճառն այնպիսին չէ, որ կապարակնքեն ու 70 մարդու զրկեն աշխատանքից։ Վստահեցնում են, որ աշխատում են 24/7 ռեժիմով, որպեսզի քննությունն հնարավորինս շուտ ավարտեն։ Մենք մնում ենք մեր կարծիքին, որ տեղի ունեցողն ուղղակի քաղաքական ենթատեքստ ունի։ Իմ կարծիքով՝ քանի դեռ Ծառուկյանի վերաբերյալ հստակ որոշում չկա, մեր հարցը նույնպես չի լուծվի»,-ասել է նա:

Դավթյանը տեղեկացրել է նաև, որ բողոքողները կսպասեն 2-3 օր, իսկ այսօր իրեն թույլատրել են միջնորդություն ներկայացնել ռեստորան այցելելու համար՝ այնտեղ մաքրություն անելու և ծաղիկները ջրելու նպատակով։ Ակցիայի մասնակիցների հետագա քայլերի մասին հայտնի կդառնա մյուս մասնակիցների հետ խորհրդակցելուց հետո։

«Այնուամենայնիվ, մի բան ակնհայտ է․ խաղաղ ակցիաները շարունակվելու են։ Մարդիկ սոված են մնում և պատրաստ կլինեն ցանկացած քայլի։ 12 հազար մարդ մնում է առանց աշխատանքի, առանց աշխատավարձի և առանց ապրուստի միջոցների»,-նշել է Արմինե Դավթյանը։