ուրբաթ, հունիս 12
12 / 6 / 2026
Հիփոթեքային վարկերի աճը դանդաղել է. մարզերում աճն ավելի մեծ է, քան Երևանում

Հիփոթեքային վարկերի աճը դանդաղել է. մարզերում աճն ավելի մեծ է, քան Երևանում

Հայաստանում տրամադրվող հիփոթեքային վարկերի քանակն այս տարվա առաջին կիսամյակում աճել է 4.4 տոկոսով՝ կազմելով շուրջ 1.5 տրլն դրամ, թեև նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճը որոշակիորեն դանդաղել է:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիում հայտնեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը՝ ներկայացնելով 2025-ի առաջին կիսամյակի տվյալները: 

Ինչ վերաբերում է հիփոթեքային վարկերի աճին ՝ միության նախագահը նախ հիշեցրեց, որ անցյալ տարվա առաջին կիսամյակում հիփոթեքային վարկերի աճը եղել է 9.7 տոկոս: 

 

«Անցյալ տարին տարբերվել է նրանով, որ ամբողջ տարի Երևան քաղաքում գործել է հիփոթեքային վարկի տոկոսադրույքի մարմանն ուղղվող եկամտային հարկի վերադարձի օրենքը: 2024-ին տարեկան կտրվածքով մոտ 30-35 տոկոս հիփոթեքային վարկերի աճ է գրանցվել: Այս տարի 6 ամսվա կտրվածքով հիփոթեքային վարկերն աճել են 4.4 տոկոսով: Կարող ենք ասել, որ վարկերի տրամադրումն ավելի քան 2 անգամ նվազել է բանկերի կողմից: Սա պայմանավորված է Երևանում եկամտային հարկի վերադարձի օրենքի չգործելով»,-ասաց Ազատյանը:

Նա նշեց՝ հիփոթեքային վարկերն աճել են 65 մլրդ դրամով, որից 37 մլրդը աճել է մարզերում, իսկ Երևանում աճել է մոտ 28 մլրդը: Բացարձակ թվով մարզերում աճն ավելի մեծ է: 

«Այնուամենայնիվ, կառուցվածքին նայելիս տեսնում ենք, որ 1.5 տրլն դրամի վարկերից մոտ 400 միլիարդ դրամն է մարզերում, 1.1 տրիլիոնը՝ Երևանում: Այսինքն՝ Երևանում 3 անգամ շատ է»,-ասաց Ազատյանը:

Միության նախագահը նշեց՝ պետք է սպասել և տեսնել, թե հետագայում մարզերում որքանով է ակտիվանալու հիփոթեքային վարկերի տրամադրումը: 

2025 թվականի հունվարի 1-ից հիփոթեքային վարկի տոկոսագումարների մասով վերադարձվող եկամտային հարկի վերադարձն այլևս չի գործում Երևանում, սակայն այն շարունակում է գործել Հայաստանի մարզերում: 2027 թվականից այլևս չի գործի Արագածոտնի, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերում: 2029 թվականից եկամտային հարկի վերադարձի համակարգը կդադարի գործել ՀՀ բոլոր մարզերում: Բացառություն կկազմեն միայն սահմանամերձ բնակավայրերը, որոնց ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը: 

  • Կիսվել: