ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը հաստատվեց. ինչ նոր գերակայություն է ներառվել

ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թթ. ռազմավարությունը հաստատվեց. ինչ նոր գերակայություն է ներառվել

ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման նախորդ ռազմավարությունը մշակվել և հաստատվել էր 2019-2023 թվականների համար: Ավարտից հետո միջազգային գործընկերների և տեղական փորձագետների միջոցով վերլուծվել են այն առաջընթացը, որն արձանագրվել և վեր է հանվել նախորդ ծրագրի միջոցով, դրվել նոր մշակված փաստաթղթի հիմքում: Այդ մասին Կառավարության՝ ապրիլի 23-ի նիստին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ ներկայացնելով ՀՀ-ում գենդերային քաղաքականության իրականացման 2025-2028 թվականների ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Նոր նախագծով առաջարկվում է 6 հիմնական գերակայություն: Ըստ այդմ՝ առաջին գերակայության ջանքերն ուղղվելու են պետական քաղաքականության և կառավարման ոլորտներում գենդերային հավասարության ապահովմանը, գենդերազգայունության մակարդակի բարձրացմանը, մասնավորապես՝ մասնակցային, ներառական ու հասանելի քաղաքական դաշտ ապահովելուն, որին կանայք և տղամարդիկ կարող են լիարժեք մասնակցել: Ըստ երկրորդ գերակայության՝ միջոցառումներն ուղղվելու են աշխատաշուկայի տնտեսական զբաղվածության, տնտեսության ոլորտում գենդերազգայուն մոտեցումների խրախուսմանը, աշխատուժի սեռային խզվածքի նվազեցմանը: Երրորդ գերակայության ջանքերն ուղղվելու են կրթության և գիտության ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար մասնակցության խթանմանը: Չորրորդ գերակայության ջանքերն ուղղվելու են առողջապահության ոլորտում կանանց ու տղամարդկանց հավասար հնարավորություններ ապահովելուն: Հինգերորդ գերակայության ջանքերն ուղղվելու են ընտանեկան և գենդերային հիմքով բռնությունից զերծ, առավել ապահով ու անվտանգ միջավայր ներդնելուն՝ կանխելու կանանց ու աղջիկներին ուղղված գենդերային հիմքով բռնությունը: Վեցերորդ գերակայությունն ուղղվելու է կլիմայի փոփոխության նկատմամբ գենդերազգայուն ու գենդերաարձագանքող մոտեցումների ձևավորմանը: Ըստ նախարարի տեղակալի՝ վեցերորդ գերակայությունը նոր է, նախորդ ռազմավարությունների մեջ ներառված չի եղել:

«Այս գերակայության ներքո այս էտապում բոլոր ջանքերն ուղղված են լինելու կլիմայի փոփոխության հետևանքով գենդերային և սոցիալական ազդեցության հիմնախնդիրների վերհանմանը, հետազոտությունների իրականացմանը և գենդերաարձագանքով մոտեցումների ներդրման շրջանակի փորձարկմանը»,- ասաց նախարարի տեղակալը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց, քանի որ այսօր և բավականին երկար ժամանակ մեր բնակչության մեծամասնությունը կանայք են, կարևոր է, որ կանանց ներուժը լիարժեք կերպով օգտագործվի: Որպես օրինակ՝ վարչապետը նշեց ՏՏ ոլորտում կանանց ներգրավվածության թիվը՝ նշելով, որ այդ ոլորտում ՀՀ-ն աշխարհի առաջատարներից մեկն է, եթե ոչ առաջատարը կանանց ներգրավվածության առումով: 

  • Կիսվել: