ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հաշվի առնելով ռիսկերի ավելացումը
Հայաստանի կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 17-ի նիստում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն պահպանելով 6.75 տոկոսի մակարդակին:
Այս մասին ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը՝ ներկայացնելով ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության մասին հաղորդագրությունը:
Կենտրոնական բանկի ղեկավարի տեղեկացմամբ՝ այս տարվա երկրորդ եռամսյակում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Միաժամանակ, ավելացել է նաև 12-ամսյա բնականոն գնաճը, որը կազմել է 2.8 տոկոս:
Հայտարարվեց, որ նշված ժամանակահատվածում համաշխարհային և Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում պահանջարկի հետագա դանդաղման, իսկ ԱՄՆ-ում՝ զուգահեռաբար նաև գնաճի արագացման ռիսկերն ավելացել են:
«ԱՄՆ տնտեսական, հատկապես, առևտրային քաղաքականության և դրա մակրոտնտեսական ազդեցությունների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Միջազգային առևտրային հարաբերությունների լարվածությամբ, աշխարհաքաղաքական հակամարտությունների, հատկապես Մերձավոր Արևելքում իրավիճակի կտրուկ սրմամբ պայմանավորված՝ առաջարկի և մատակարարման շղթաների հնարավոր խաթարման ռիսկերն էապես աճել են: Բարձր են միջնաժամկետում ԱՄՆ-ի հարկաբյուջետային քաղաքականության կողմից ամբողջական պահանջարկի խթանման չափի, դրանից ածանցվող պարտքի մեծացման և երկարաժամկետ տոկոսադրույքների աճի չափի շուրջ անորոշությունները: Այս համատեքստում, հաշվի առնելով գործընկեր երկրներում աշխատաշուկայի դեռևս պահպանվող խիստ պայմանները և բարձր գնաճային միջավայրը, հավանական է, որ առաջատար երկրների կենտրոնական բանկերն առաջիկայում հիմնականում կպահպանեն կամ դանդաղ տեմպերով կթուլացնեն դրամավարկային խիստ պայմանները»,- ընդգծեց Մարտին Գալստյանը:
Նա հայտնեց նաև, որ 2025 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական ակտիվությունը դանդաղել է՝ մեծապես կրելով որոշ կարճաժամկետ, ոչ կառուցվածքային աճի գործոնների աստիճանական չեզոքացման ազդեցությունը: Ակտիվության աճին շարունակել են զգալիորեն նպաստել շինարարության և ծառայությունների ոլորտներում գրանցված բարձր աճը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի կառուցվածքային առանձնահատկություններից բխող՝ աճի կայունության, երկարաժամկետ հեռանկարի, ինչպես նաև ներքին պահանջարկի հետագա միտումների վերաբերյալ անորոշությունները մնում են բարձր:
«Ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը շարունակում է նվազել: Ընդհանուր պահանջարկի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք, իսկ գնաճի ընթացիկ արագացումը առավելապես պայմանավորված է առաջարկի որոշ գործոններով: Նման իրավիճակում աշխատաշուկայի պայմանները որոշակիորեն թուլացել են՝ արտահայտվելով աշխատավարձերի, կոշտ գներով բնութագրվող ծառայությունների գնաճի և գնաճային սպասումների աստիճանական կայունացմամբ: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության կողմից միջնաժամկետ հորիզոնում առկա են առավելապես գնաճային ռիսկեր»,- նշեց ԿԲ նախագահը:
Ըստ նրա, մակրոտնտեսական ընթացիկ զարգացումների պայմաններում Հայաստանի ֆինանսական շուկայի մասնակիցներն ընդհանուր առմամբ ակնկալում են, որ ՀՀ կենտրոնական բանկն առաջիկա միջնաժամկետ հորիզոնում աստիճանաբար կնվազեցնի քաղաքականության տոկոսադրույքը՝ սահմանելով 6.25% մակարդակի շուրջ:
Հայտարարվեց, որ քննարկված ռիսկերի և բարձր անորոշության պայմաններում, հաշվի առնելով գների կայունության նպատակի ապահովման իր հանձնառությունը, ԿԲ խորհուրդը դիտարկել է քաղաքականության մի շարք սցենարներ: Մի կողմից՝ քննարկվել են Ա տիպի սցենարներ, այդ թվում՝ կապված աշխարհաքաղաքական իրավիճակի, ինչպես նաև ԱՄՆ-ում և ՀՀ-ում հարկաբյուջետային քաղաքականության զարգացումների պայմաններում ՀՀ չեզոք տոկոսադրույքի հնարավոր աճի հետ, որոնք պահանջում են շուկայական սպասումների համեմատությամբ քաղաքականության ավելի բարձր տոկոսադրույքների ուղի՝ գնաճային ռիսկերի չեզոքացման ու գների կայունության նպատակի ապահովման համար։
Քննարկել են նաև Բ տիպի սցենարներ, այդ թվում՝ կապված արտաքին պահանջարկի շարունակվող ճշգրտման պայմաններում տնտեսության առանձին հատվածներում աճի անհամաչափ դանդաղման և պահանջարկի միջավայրի լրացուցիչ թուլացման ռիսկերի ձևավորման հետ, որոնք ենթադրում են շուկայի սպասումների համեմատությամբ քաղաքականության տոկոսադրույքի ավելի արագ և մեծ չափով նվազման ուղի՝ միջնաժամկետ հորիզոնում պահանջարկը կարգավորելու և գնաճը նպատակային ցուցանիշի շուրջ կայունացնելու համար:
Արդյունքում՝ արձանագրելով Ա տիպի ռիսկերի ավելացումն ու կարևորելով դրանցից բխող մակրոտնտեսական ազդեցությունների կառավարման անհրաժեշտությունը՝ ՀՀ ԿԲ խորհուրդը ներկա շրջափուլում որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը։
Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները և պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 3% նպատակի և գների կայունության ապահովման համար: