շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն է

Հայաստանը Դաբաղի վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին անդամակցած 40-րդ երկիրն է

Եվրոպական միությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության հայտը՝ ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովին միանալու վերաբերյալ։
 
Հանձնաժողովի առաջնային նպատակն է հակազդել դաբաղի և կենդանիների նմանատիպ անդրսահմանային հիվանդությունների սպառնալիքներին, որոնք տարածաշրջանային առումով մեծ տնտեսական վտանգ են ներկայացնում երկրի համար` հանգեցնելով տնտեսական սահմանափակումների:
 
Հանձնաժողովի դերն է համակարգել անդամ երկրների գործունեությունը հիվանդության վերահսկման և կանխարգելման գործում: Հիվանդության արձանագրման դեպքում հանձնաժողովն անդամակցող երկրներին տրամադրում է աջակցություն` ախտորոշիչ եւ կանխարգելիչ նյութերի ձեռքբերման, հիվանդության դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման եւ իրականացման ուղղությամբ:
 
Հանձնաժողովին անդամակցում է աշխարհի 40 երկիր, իսկ տարածաշրջանում` Հայաստանը, Վրաստանը և Թուրքիան:
 
Դաբաղ հիվանդության վերահսկումների մասին Եվրոպական հանձնաժողովը ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հանձնաժողովներից մեկն է, որը ստեղծվել է դեռևս 1954 թվականին և համաճարակային բարդ իրավիճակներում Եվրասիայի, Մերձավոր Արևելքի ու Աֆրիկայի ավելի քան 100 երկրներում զգալի աշխատանքներ է իրականացրել:
 
 Նշենք նաև, որ ներկայումս Հայաստանում անասնահամաճարակային իրավիճակը կայուն է:
 

  • Կիսվել: