Հայաստանը 40 կետով բարելավել է իր դիրքը ՀՆԱ-ի համաշխարհային դասակարգման ցուցիչով
Հայաստանը վերջին շրջանում 40 կետով բարելավել է իր դիրքը համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) համաշխարհային դասակարգման ցուցիչով։
Այս մասին Ազգային ժողովում բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ո՞րն է Հայաստանի տնտեսական աճի գաղտնիքը՝ հաշվի առնելով, որ երկրում բացակայում են նավթի, գազի, բամբակի պաշարներ կամ հզոր արդյունաբերություն։
«Եթե դասավորենք բոլոր պետություններին ըստ ՀՆԱ-ի, ապա Հայաստանն այս ընթացքում 40 կետով առաջ է անցել։ Իմ կարծիքով՝ պատճառը հսկայական չիրացված պոտենցիալն է, որը ժողովրդավարության պայմաններում հնարավոր է դառնում իրացնել։ Եթե մենք ճիշտ որոշումներ կայացնենք, այդ պոտենցիալն էլ ավելի կկարողանանք բացահայտել»,– նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսական առաջընթացի համար վճռորոշ է պայմաններ ստեղծելը, որոնցում քաղաքացիները կկարողանան լիարժեք իրացնել իրենց ունակությունները․
«Մենք ունենք տաղանդավոր մարդիկ, որոնց համար պետք է ստեղծել լավ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան գործել։ Հարկային քաղաքականությունն այդ պայմանների ձևավորման առանցքային բաղադրիչներից մեկն է, որի շուրջ պետք է շարունակենք աշխատել»,- եզրափակեց նա։