չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Հայաստանում 2025-ի առաջին հինգ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5․7 տոկոսով

Հայաստանում 2025-ի առաջին հինգ ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 5․7 տոկոսով

Ընթացիկ տարվա հունվար-մայիս ամիսներին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 5․7 տոկոսով գերազանցել է մեկամյա վաղեմության տվյալը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած հերթական ամփոփագրում։

Մայիսին այն 5․4 տոկոսով բարձր է եղել նախորդ ամսվա ցուցանիշից, իսկ 2024 թվականի մայիսի համեմատ աճել է 10․4 տոկոսով։

Այս տարվա առաջին հինգ ամիսներին արդյունաբերական արտադրանքի ծավալը 14.1 տոկոսով ցածր է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 1 տրլն 30 մլրդ 846․9 մլն դրամ։ Մայիսին՝ մեկ ամսվա կտրվածքով, աճել է 2․9 տոկոսով՝ կազմելով 218 մլրդ 591․1 մլն դրամ։ Ընդ որում, նախորդ տարվա մայիսի ցուցանիշից ցածր է եղել 5․9 տոկոսով։

Շինարարության ծավալը հունվար-մայիսին 17․1 տոկոսով է գերազանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 165 մլրդ 463․3 մլն դրամ։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, գրանցվել է 24․8 տոկոսի աճ։ Նախորդ տարվա մայիսի համեմատ աճը 22․2 տոկոս է։ Այս տարվա գարնան վերջին ամսին իրականացվել է 48 մլրդ 878․9 մլն դրամի շինարարություն։

Առևտրի շրջանառությունը հունվար-մայիսին 4․2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը՝ կազմելով 2 տրլն 404 մլրդ 114․9 մլն դրամ։ Մայիսին՝ ապրիլի համեմատ, նվազել է 0․9 տոկոսով և նույնքանով ավել է եղել նախորդ տարվա մայիսի ցուցանիշից։ Մայիսին շրջանառությունը կազմել է 528 մլրդ 862․9 մլն դրամ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: