ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Հայաստանից կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը ևս 6 ամսով արգելվեց

Հայաստանից կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը ևս 6 ամսով արգելվեց

ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքը ևս 6 ամսով երկարաձգվեց։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
 
«Որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում շրջակա միջավայրի պաշտպանության մակարդակի բարձրացումով, ինչպես նաև նվազեցնելու առանց չեզոքացման համակարգի տրանսպորտային միջոցների շահագործման ժամանակ վնասակար նյութերի անարգել արտանետումը մթնոլորտային օդ, կանխելու ավտոմեքենաների վրա տեղադրված կատալիզատորների ապօրինի շրջանառությունը»,– ասված է որոշման հիմնավորման մեջ։
Նշվում է, որ համաձայն ՀՀ ներքին գործերի նախարարության տրամադրած տեղեկատվության՝ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքի կիրառման ընթացքում ՀՀ տարածքում արձանագրվել է ավտոմեքենայի խլացուցիչի կատալիզատորի գողության ընդամենը 2 դեպք՝ 2023 թ. հունվար-փետրվար ամիսներին, մինչդեռ 2021 թ. արձանագրվել է գողության 92 և 2022 թվականին` գողության 40 դեպք։
Նշենք, որ ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման արգելքի մասին նախորդ որոշման ժամկետը լրանում է հուլիսի 3-ին։

  • Կիսվել: