ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Հայաստանի վարկանիշը մեծամասամբ համապատասխանում է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտին

Հայաստանի վարկանիշը մեծամասամբ համապատասխանում է ՏՀԶԿ հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտին

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)  հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի կողմից վերջերս հրապարակված փորձագիտական գնահատման հաշվետվության համաձայն, Հայաստանի Հանրապետության վարկանիշը մեծամասամբ համապատասխանում է ըստ հարցման տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտին։  

Այս մասին հայտնում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեից, նշելով, որ Հայաստանում հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման միջազգային ստանդարտների կիրարկմանն ընդառաջ մի շարք միջոցառումներ և նախաձեռնություններ են իրականացվել։ Մասնավորապես, գործընթացի բարձր արդյունավետության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են ՀՀ ֆինանսների և արդարադատության նախարարությունների, ՀՀ Կենտրոնական բանկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները։

ՊԵԿ-ում հստակեցվել և կանոնակարգվել են տեղեկությունների փոխանակմամբ զբաղվող ստորաբաժանումների գործառույթները։ Իրականացվել են նաև մի շարք օրենսդրական և ենթաօրենսդրական կարգավորումներ։ Կարևոր փոփոխություններից է, որ միջազգային հարցումն այլևս հիմք է հանդիսանում պարզեցված ընթացակարգով դատարանի որոշում ստանալ՝ բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը հարկային մարմնին տրամադրելու նպատակով։ Տեղեկությունների փոխանակման և թափանցիկության միջազգային ստանդարտի ներդրման գործընթացի վերաբերյալ ՏՀԶԿ-ի կողմից ներկայացված առաջարկները լրացնելու և կարգավորումները լավարկելու նպատակով առաջիկայում ևս նախատեսվում են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ իրականացնել։

Հայաստանի Հանրապետությունը 2015 թվականից հան­դիսա­նում է ՏՀԶԿ հարկ­ման նպատակով թափանցիկության և տեղե­­­կու­թյունների փոխանակման Գլո­բալ ֆորումի անդամ: Գլոբալ ֆորումի հիմնա­կան նպատակն է անդա­­­մակցող 171 երկրներում ներդնել հարկման նպա­­տակով թափան­ցիկու­թյան և տեղեկությունների փոխանակման միջազգային ստան­դարտ­ներ, որոնք էականորեն նվա­զեց­­նում են հարկերից խուսափ­ելու ռիսկերը, նպաստում հարկային եկամուտների աճին։ Միաժամանակ, միջազգային կազմակերպությունների և ներդրողների համար ստանդարտի ներդրման վերաբերյալ գնահատականը հիմք է հանդիսանում, որպեսզի երկիրը համարվի հուսալի և թափանցիկ։ Փորձագիտական գնահատում անցած երկրներում տեղեկությունների փոխա­նակման կազմակերպումը և իրականացումն ընթանում են նույն մոտեցում­ներին համահունչ: Այսինքն, ինչ որ պահից սկսած, առնվազն աշխարհի 171 երկրներում ըստ հարցման տեղեկությունների փոխանակումը տեղի է ունենալու նույն սկզբունքներին համապատասխան։

 

  • Կիսվել: