«Հայաքվեն» կփոխհատուցի ուղեվարձի բոյկոտի ընթացքում քաղաքացիների հնարավոր վարչական տույժերը
Մենք ոչ միայն կոչ ենք անում քաղաքացիներին միանալ բոյկոտի գործողություններին, այլև պատրաստ ենք աջակցել նրանց, որպեսզի բոյկոտը արդյունավետ լինի։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման համահիմնադիր Ավետիք Չալաբյանը:
«Ուստի վարչական տույժերի դեպքում քաղաքացիներին հրավիրում ենք այցելել մեր կենտրոնական գրասենյակ, որը գտնվում է Աբովյան 25 հասցեով և մենք քաղաքացիների վարչական տույժերը բոյկոտի գործողությունների ամբողջ ընթացքում կփոխհատուցենք: Ավելին, եթե քաղաքացիների նկատմամբ իրավական հարկադրանքի այլ միջոցներ կիրառվեն, մենք նաև նրանց իրավական պաշտպանությունը կապահովենք»,-ասաց նա:
«Հայաքվեի» վարչության անդամ, իրավաբան Արամ Պետրոսյանն էլ հավելեց. «Ուղղակի ընթերցեմ Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի 137-րդ հոդվածը՝ »Անտոմս երթևեկելը»: «Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով, միկրոավտոբուսներով և մետրոպոլիտենով, առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ երթուղում սահմանված տոմսի արժեքի կրկնապատիկի չափով: Տուգանքի վճարումը ուղևորներին չի ազատում ուղևորության և թռիչքի արժեքը վճարելուց»: Կուզեմ շեշտել մենակ մի բան, որ անպայման մեզ դիմելու դեպքում պետք է ներկայացվի վարչական ակտը: Անպայման պետք է ներկայացնեք, որ կարողանանք հետագա իրավական գործողությունները ապահովենք»,-ասաց նա: