Հայ-իրանական սահմանին առևտրային հոսքերը օրեցօր աճում են. ՊԵԿ նախագահը՝ ՀՀ–ԵՄ, ՎԶԵԲ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչներին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Եվրոպական միության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցիչներին։
ՊԵԿ–ից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Մեղրի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը, որը ռազմավարական նշանակություն ունի ոչ միայն Պետական եկամուտների կոմիտեի, այլև Հայաստանի Հանրապետության համար: ՊԵԿ նախագահը նշել է, որ հայ-իրանական սահմանին օրեցօր աճող առևտրային հոսքերի պայմաններում Մեղրիի սահմանային անցակետի արդիականացումը կնպաստի հայ-իրանական սահմանին մաքսային գործառնությունների դյուրացմանը, սահմանային անցակետի թողունակության պահանջների բավարարմանը, ինչպես նաև սահմանային անվտանգության ռիսկերի արդյունավետ կառավարմանը։ Ծրագիրը կնպաստի նաև «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի ակտիվացմանը՝ խթանելով տարանցիկ բեռնափոխադրումներին։
Հանդիպման ընթացքում ՊԵԿ նախագահն իր երախտագիտությունն է հայտնել ԵՄ և ՎԶԵԲ գործընկերներին ցուցաբերված աննախադեպ աջակցության համար՝ հույս հայտնելով, որ չնայած առկա մարտահրավերներին, հաջորդ տարի հնարավոր կլինի ավարտել Մեղրիի սահմանային անցակետի արդիականացման ծրագիրը և ունենալ միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան ժամանակակից սահմանային անցակետ։
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը շարունակել և զարգացնել առկա համագործակցությունը։