Հաստատվեց ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թթ ռազմավարությունը. Ինչ է այն նախատեսում
Կառավարությունն իր այսօրվա նիստում հաստատեց Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը:
Նոր ռազմավարության ընդունումը պայմանավորված է ՀՀ ներկա ժողովրդագրական իրավիճակով, որը, նախևառաջ, կապված է ծնելիության ցածր մակարդակի հետ: Ծնելիության մակարդակի գործող ցուցանիշներով չի ապահովվում անգամ բնակչության պարզ վերարտադրություն, որի համար ծնելիության գործակիցը անհրաժեշտ է որ լինի 2.1 երեխա: Սակայն, միայն պարզ վերարտադրության հաղթահարմամբ (մեկ ընտանիքում 2-3 երեխա) հնարավոր չէա պահովել ընդլայնված վերարտադրություն և հասնել ծնելիության մակարդակի էական բարձրացման, քանզի առաջիկա տարիներին ամուսնական տարիք կմտնի 2000- ական թվականների սկզբին ծնված ոչ բազմաքանակ սերունդը, որի վերարտադրողական ներուժը անհրաժեշտ է առավելագույն օգտագործել։
Այսինքն, ժողովրդագրական կայունության հաստատման և պահպանման համար անհրաժեշտ է ոչ միայն ապահովել պարզ, այլև ընդլայնված վերարտադրությունը, կտրուկ ավելացնել առնվազն 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքների թվաքանակը՝ վերջիններիս տալով որոշակի երաշխիքներ, ինչպես նաև ձեռնարկել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված այլ միջոցառումներ:
Նոր ռազմավարությունը կնպաստի հետևյալ նպատակների իրականացմանը՝
Ընտանիքի բարեկեցությունը խթանող միջավայրի ստեղծում, որտեղ յուրաքանչյուր երեխայի ծնունդ նպաստում է մարդկային կապիտալի զարգացմանը․
Մահվան ռիսկի գործոնների նվազեցում և առողջ միջավայրի խթանում` մարդկային կյանքի ողջ ընթացքում նվազեցնելու մարդկային կապիտալի վատթարացումն ու կորուստը,
Ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու իրենց ներուժի ավելացմամբ,
Էմիգրացիայի հանգեցնող դրդապատճառների նվազեցում և բարձր որակավորում ունեցող մարդկային կապիտալի ձևավորման, պահպանման ու ներգրավման գործընթացներում մրցունակության ապահովում:
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշեց, որ ռազմավարության համատեքստում մշակվել են ավելի քան 190 միջոցառումներ յուրաքանչյուր թիրախային խմբի համար: «Առջիկա երեք ամիսների ընթացքում մենք պետք է հաստատենք նաեւ գործողությունների ծրագիրը: