Գևորգ Պապոյանը այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան
Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունվարի 20-ին այցելել է «Վելլար գրուպ» ընկերության նոր կառուցվող շոկոլադի և հրուշակեղենի գործարան։
Ընկերության ղեկավարության ուղեկցությամբ նախարարը շրջել է գործարանի տարածքով, ծանոթացել ներդրված սարքավորումներին, արտադրական հզորություններին և տեխնոլոգիական հոսքագծերին։
Ներկայում ծրագրի շրջանակում արդեն իսկ իրականացվել է շուրջ 120 միլիոն եվրոյի ներդրում, առաջիկայում նախատեսվում է ներդնել ևս 25 միլիոն եվրո։
Գործարանի տարածքը կազմում է շուրջ 25 հա։ Այն հագեցած է հիմնականում գերմանական և դանիական առաջատար ընկերություններից ներմուծված ժամանակակից սարքավորումներով։ Երեք տարվա ընթացքում նախատեսվում է գործարանի ամբողջական գործարկումը, որի արդյունքում արտադրական ծավալները կհասնեն օրական մինչև 200 տոննայի, իսկ աշխատատեղերի թիվը կհասնի մինչև 2000-ի։


