Եվրոպական միությունը շատ ուրախ է տեսնել սպառողների պաշտպանության ոլորտում ՀՀ-ի գրանցած առաջընթացը. Մարագոս
Եվրոպական միությունը շատ ուրախ է տեսնել սպառողների պաշտպանության ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացը: Այս մասին Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառման ժամանակ ասաց Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը: Ըստ նրա՝ դա ցույց է տալիս Հայաստանի Հանրապետության նվիրվածությունը մարդու իրավունքներին:
Մարագոսը նշեց, որ այս տարվա Սպառողների իրավունքների միջազգային օրվա թեման կենտրոնացած է արդար անցման, բայց նաև կայուն ապրելակերպի վրա, ինչը նշանակում է, որ սպառողների իրավունքները պետք է դիտարկվեն որպես ընդհանուր ջանքերի մի մաս, որն արվում է ավելի կայուն ապագա ունենալու, ավելի բարգավաճ լինելու համար:
«Ուզում եմ շեշտել, թե որքանով է կարևոր այս աշխատանքը, որ դուք անում եք կառավարության ղեկավարությամբ, վարչապետի ղեկավարությամբ, ինչպես նաև մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հետ։ Դրա կարևորությունը կապված է ձեր ընդհանուր ջանքերի հետ՝ ամրապնդելու տնտեսության որակը, ամրապնդելու արտադրանքի որակը, ծառայությունների որակը: Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում մենք ունենք բազմաթիվ պարտավորություններ, որոնք նաև կենտրոնացած են պաշտպանության վրա»,-նշեց Վասիլիս Մարագոսը:
Նրա խոսքով՝ ԵՄ օրենսդրության մեջ սպառողների պաշտպանության ոլորտում առանձնացվում են սպառողների պաշտպանության ազգային մարմինների միջև համագործակցությունը և փոխանակումը, սպառողների համար առցանց վեճերի լուծումը, ապակողմնորոշիչ գովազդի կարգավորումը, անարդար պայմանագրերը, գնագոյացումը, երաշխիքները և այլ բաղադրիչներ։
Մարագոսը հավելեց, որ սրանք բոլորը շատ կարևոր են թվային դարաշրջանում, որտեղ իրականում սպառողների պաշտպանության մեծ մասը պետք է անցնի թվային միջոցներով:
«Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցում այս բոլոր ոլորտներում, բայց դեռ շատ աշխատանք կա անելու: Սա շատ օգուտներ է բերում ոչ միայն սպառողներին, այլ նաև ընկերություններին»,-ասաց նա:
Եմ դեսպանը նաև կարծիք հայտնեց, որ թվային դարաշրջանը սպառողների համար զգալի նոր օգուտներ է բերելու, քանի որ այժմ ավելի հեշտ է դառնում ծառայություններ և ապրանքներ գնելը, քան նախկինում, բայց մյուս կողմից պետք է պաշտպանել այդ սպառողներին, հատկապես, երբ խոսքը վերաբերում է միջսահմանային առևտրին: