Եթե ընտանիքում 2 հոգի աշխատում են և հայտարագիր են լրացնում, առողջապահական ծախսերի համար 100 000 դրամ կստանան. նախարար
Ընտանիքի անդամի ատամնաբուժական ծառայություններից օգտվելու դեպքում ևս քաղաքացին սոցիալական կրեդիտի ձեւով կարող է 50 հազար դրամի սահմաններում հետ ստանալ այդ գումարները, եթե վճարումը կատարվել է անկանխիկ եղանակով: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Ընտանիքի անդամներն են երեխաները, ծնողները, կինը, ամուսինը: Շատ կարևոր է ընդգծել: Մենք խրախուսում ենք, որ և կինը և ամուսինը ծախսերը իրականացնելիս ուշադիր լինեն, որպեսզի կարողանան երկուսն էլ, եթե աշխատում են, հետ վերադարձ ունենան։
Ստացվում է, եթե ընտանիքից երկու հոգին աշխատում են և վճարում են եկամտահարկ, ապա նրանք միայն առողջապահական ծախսերի համար կարող են ստանալ, ընդհանուր առմամբ, 100,000 դրամի վերադարձ։
Սահմանված է առողջապահական ծախսերի համար 50,000 դրամ, կրթական ծախսերի համար 100,000 դրամ, բայց ընդհանուր ոչ ավել, քան 100,000 դրամ։ Սա է մեխանիզմը: Շատ կարևոր է ընդգծել, որ ծախսերի համար ամեն բաղադրիչի համար կա առանձին շեմ, բայց գումարային այն պետք է չգերազանցի 100,000 դրամը»,- ընդգծեց Ավանեսյանը:
Նա մանրամասնեց, որ եթե կինը չի աշխատում, օգտվել է ատամնաբուժական ծառայությունից, և ամուսինը, որը աշխատում է, վճարել է կնոջ ատամնաբուժական ծառայությունների դիմաց, դա համարվելու է փոխհատուցման վերադարձի ենթակա գումար։
Հարցին՝ եթե անձը կատարել է անկանխիկ վճարում, ի՞նչ ունի անելու քաղաքացին, որպեսզի օգտվի այս փոխհատուցումից, Ավանեսյանը պատասխանեց. «ՊԵԿ-ի կայքում առանձնացված հատված կա հայտարարագիրը լրացնելու, և այդտեղ մանրամասն ուղեցույցեր կան, թե ինչպես պետք է հայտարարագիրը լրացնել: Ես ինքս էլ դեռ պետք է լրացնեմ: Պիտի նայեմ՝ արդյո՞ք ունեմ անկանխիկ վճարած առողջապահական կամ կրթական ծախս, որ կարողանամ հետ ստանալ այս գումարը»:
Նա նաեւ հավելեց, որ օրինակ, ատամնաբուժական ծառայությունից օգտվելիս պիտք է խնդրել անտամնաբուժարանին հաշվարկային փաստաթուղթ տրամադրել:
Ավանեսյանի խոսքով, բոլոր ատամնաբուժարանները լիցենզավորված են, հետեւաբար, որտեղ էլ մարդը ծառայությունից օգտվի, սոցկրեդիտների համակարգից կարող է օգտվել: