Երկնքից այլևս ոչինչ չի' թափվելու․ ո՛չ բրինձ, ո՛չ տուկի թել․ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցությանը
Գույքահարկը բարձրացնելով համայնքները ֆինանսական կարողություններ են ստանում հարցեր լուծելու: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը, որով առաջարկվում է չեղարկել հարկային բեռն ավելացնող որոշումները:
«Նախագծի հեղինակներին ձեռ է տալիս, որ համայնքը չունենա այդ հնարավորությունը, որ երկար ջիպերով մարդիկ գան, ասեն՝ ի՞նչ է պետք այստեղ, մի հատ հլը բան արեք, գրավիլ բերեք, լցրեք, ու բոլոր գյուղացիները զարմանան, ասեն՝ վայ, սա հրաշք է, երկնային մանանա է, ոնց գրավիլ եկավ, մի քանի քերած ասֆալտ եկավ, պետք է երկրպագել այդ հաստ վզերով և մեծ գլխերով մարդկանց, որ կարողացան երկնքից Մովսեսի նմանությամբ մանանայի փոխարեն գրավիլ իջեցնել և մեր փոսերը լցնել, որի գոյությունը մինչև հաջորդ անձրևն է։
Սա քաղաքական ընտրության հարց է, որովհետև մենք մարդկանց ցեխի միջից հանելով մարդուն տալիս ենք ազատություն, այդ թվում որոշելու և շարժվելու ազատություն։ Իսկ մեր գործընկերներին պետք է, որ մարդը մնա ցեխի մեջ, որ այդ երկնային գրավիլը, երկնային բրինձը, երկնային գրավիլը, երկնային տուկի թելը, երկնային անորակ սալյարկան, անընդհատ երկնքից թափվի:
Ոչ, ժողովուրդ ջան, երկնքից ոչ մի բան այլևս չի թափվելու, թափվելու է պետական և տեղական բյուջեներից ու չի թափվելու, այլ կոնկրետ որոշումներով համայնքի և քաղաքացիների ծախսվելու է ձեր կոնկրետ կարիքները հոգալու համար»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Նա գույքահարկը համեմատեց քաղաքացիների «լատարեյ» խաղալու հետ՝ նշելով. ««լատարեյ» են խաղում, այսօր մեկի բակի դիմացն են բարեկարգելու, մյուս օրը կողքի փողոցն են բարեկարգելու, այն մյուս օրը երրորդը, չորրորդ օրը՝ զբոսայգին, հինգերորդ օրը՝ շատրվանը, վեցերորդ օրը՝ մանկապարտեզը, յոթերորդ օրը՝ գրունտային ճանապարհը և այլն:
Մեր ընդդիմախոսները և չարախոսները ասում են՝ սա թույլ կառավարություն է, թույլ իշխանություն է: Թույլ կառավարությունը չի կարող այսպիսի որոշումներ կայացնել, ուղղակի չի կարող։ Մենք կայացնում ենք այնպիսի որոշումներ, որ 30 տարի անընդհատ քննարկվել է տեսականորեն ու չի կայացվել։ Ֆինանսական համահարթեցման մասին օրենքի նախագիծը, հանեք արխիվը, տեսեք որ թվից է կառավարության և Ազգային ժողովի օրակարգում։ Այդ օրենքը առաջին ընթերցմամբ ընդունվել է 2007-2008 թվերի կողմերը և երկրորդ ընթերցմամբ չի ընդունվել։ Ինչի՞, որովհետև Հայաստանում «ուժեղ» իշխանություն է եղել։ Այդ թվում նույն պատճառով, որովհետև ձեռ չի տվել ցեխի միջից հանել։
Բա որ ցեխի միջից հանեին, ո՞նց էին ընտրակաշառք բաժանելու գրավիլի, ասֆալտի, չգիտեմ ինչի տեսքով»,-հայտարարեց Փաշինյանը: