Երևանում կանաչ տարածքները միայն 2024-ին ընդայնվել են մոտ 13 հեկտարով. Տիգրան Ավինյան
2024 թվականի բյուջեով ճանապարհների ենթակառուցվածքների արդիականացման շրջանակում մոտավորապես 52 կմ միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել 721.243 քմ ծավալով և մոտ դրա կիսով չափ ընթացիկ և փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվել, ընդհանուր հանրագումարով՝ 6,3 միլիարդ դրամի չափով: Այդ մասին հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ժամանակ։
Նրա խոսքով՝ Նորք-Մարաշ վարչական շրջանի Գարեգին Հովսեփյան փողոցից դեպի Սարալանջ տանող ճանապարհի կառուցման աշխատանքներին 294 միլիոն դրամ է հատկացվել, որոնք այս պահին դեռևս ավարտված չեն, սակայն ճանապարհն անցանելի է:
Տրանսպորտային բարեփոխումների շրջանակում աշխատանքները շարունակվել են՝ ձեռք են բերվել 171 ավտոբուս՝ 6,3 միլիարդ դրամի չափով, 15 տրոլեյբուս, որոնց դիմաց, ըստ Ավինյանի, ֆինանսավորվել է 1,4 միլիարդ դրամ:
Հանրային տրանսպորտի ուղևորափոխադրման ծառայություններն իրականացնելու նպատակով «Երևանի ավտոբուսին», «Երևանի էլեկտրատրանսպորտին» և «Երևանի մետրոպոլիտենին» Երևանի քաղաքապետարանը սուբսիդավորել է ռեկորդային՝ 7 մլրդ 696 միլիոն և 2,6 միլիարդ դրամների չափով համապատասխանաբար:
Միասնական տոմսային համակարգի ներդրմանը զուգահեռ՝ անցում է կատարվել նաև ավագանու կողմից որոշված զեղչային համակարգերի կիրառմանը՝ բնակչության սոցիալապես զգայուն և թիրախային խմբերի համար:
Շրջակա միջավայրի պահպանության ոլորտին ուղղվել է 14,2 միլիարդ դրամ, որից 5,8 միլիարդ դրամն ուղղվել է «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի պահպանման ծախսերին:
671 միլիոն դրամով ձեռք է բերվել 14 աղբատար մեքենա, որոնք այսօր արդեն իսկ իրականացնում են իրենց ծառայությունը:
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը սուբսիդավորվել է 4,3 միլիարդ դրամի չափով, որի շրջանակում կանաչ տարածքները միայն 2024-ին ընդայնվել են մոտ 13 հեկտարով:
Ավինյանի խոսքով՝ բոլոր հատվածներում, որտեղ իրականացվել է կանաչապատում, քաղաքապետարանն անցկացրել է նաև ոռոգման ցանց:
«Վերականգնվել է մոտ 31.068 գծամետր ջրագիծ»,- տեղեկացրեց Երևանի քաղաքապետը: