հինգշաբթի, հուլիս 10
10 / 7 / 2025
Երևանում գործարկվել է GIS հարթակը. այն ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի երևանցիներին մատուցվող մի շարք ծառայություններ

Երևանում գործարկվել է GIS հարթակը. այն ավելի հասանելի ու թափանցիկ կդարձնի երևանցիներին մատուցվող մի շարք ծառայություններ

Քաղաքաշինական ծրագրերն ու քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներ կառավարելի կդառնան էլեկտրոնային GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի միջոցով: Հարթակն արդեն գործարկվել է։ 

Այս մասին  Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը՝ նշելով, որ այն էլեկտրոնային քարտեզ է, որն էապես կպարզեցնի, ավելի հասանելի, թափանցիկ ու տրամաբանական կդարձնի երևանցիներին մատուցվող ծառայությունները: 

Սարգիս Մանուկյանը նշեց, որ GIS աշխարհագրական տեղեկատվական հարթակն արդեն ներդրված և գործարկված է։ Այն նախատեսվում է քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մշակվող և գեներացվող, ինչպես նաև արտաքին աղբյուրներից ստացվող տարածական տվյալների համախմբում՝ մեկ միասնական միջավայրում։ 

«Սա հնարավորություն է տալիս համադրելով այդ տարածական տվյալները՝ իրականացնել վերլուծություններ և ստանալ նոր արժեք՝ տվյալային որոշումներ կայացնելու համար։ Արդեն  որոշակի աղբյուրներից ստացված տվյալներով մշակվել են թեմատիկ GIS հարթակներ։ Օրինակ՝ կառուցապատման ոլորտի համար նախատեսված հարթակի շնորհիվ հնարավոր է նշված շինհրապարակում դիտարկել տվյալ հողակտորի այս պահին առկա կադաստրային սահմանները և մի շարք այլ տվյալներ»,-նշեց Սարգիս Մանուկյանը։ 

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն, ընդգծելով համակարգի կարևորությանը, նշեց՝  Երևանի քաղաքապետարանը և բոլոր վարչական շրջաններն այս հարթակի ներդրմամբ առաջիկայում իրենց աշխատանքային տրամաբանությունն էականորեն փոխելու են։ 

«Համակարգի ամբողջական փաթեթը մենք արդեն գնել ենք, և  այս փոփոխությունները  փուլ առ փուլ մտնելու են մեր բոլոր վարչություններ։ Խոսքը գնում է էլեկտրոնային քարտեզի մասին, որի վրա մենք բոլորս պետք է սկսենք աշխատել։ Համակարգը կպարզեցնի այն աշխատանքը, որ տարբեր վարչություններ իրականացնում են։ Այն նաև  էականորեն հասանելի և ավելի պարզ կդարձնի մեր բոլորիս կատարած աշխատանքը և երևանցիներին մատոցվող ծառայությունները»,-ասաց քաղաքապետը: 

Տիգրան Ավինյանը հանձնարարեց՝ համակարգը պետք է  բաց լինի քաղաքացիների համար՝ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը ստանալու համար։

  • Կիսվել: