երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» նոր դաշտ

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում մարտի 1-ից գործելու է «Գործարքի տեսակ» նոր դաշտ

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ «Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» (e-invoicing) համակարգում հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման դեպքում ապրանքացանկին վերաբերող հատվածում նախատեսում է գործարկել «Գործարքի տեսակ» անվանումով պարտադիր նոր դաշտ։ Հաշվի առնելով հարկ վճարողների առաջարկները՝ «Գործարքի տեսակ» նոր դաշտը կգործի 2025 թվականի մարտի 1-ից։

Հարկային հաշիվների դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝

  • «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող»,
  • «ԱԱՀ-ից ազատված»,
  • «Այլ»

*Այս կետերը պարտադիր է լրացնել, եթե «ԱԱՀ դրույքաչափ %» դաշտում ընտրված չէ ԱԱՀ-ի 20% դրույքաչափը։

Հաշիվ վավերագրերի դեպքում «Գործարքի տեսակ» նոր դաշտը կպարունակի հետևյալ ընտրացանկը՝

  • «Հարկման հատուկ համակարգ»,
  • «ԱԱՀ-ի 0% դրույքաչափով հարկվող»,
  • «ԱԱՀ-ից ազատված»,
  • «ԱԱՀ-ով հարկման օբյեկտ չհամարվող»,
  • «Արտահանում»,
  • «ԵՏՄ օդային տրանսպորտով արտահանում»

*Այս կետերը պարտադիր է լրացնել։

Հաշվի առնելով նախատեսվող փոփոխությունները՝ ՊԵԿ-ը հարկ վճարողներին առաջարկում է իրականացնել համապատասխան ծրագրային փոփոխություններ։

«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգի ինտեգրման թարմացված փաստաթղթերը, ինչպես նաև XSD-ների և XML-ների տվյալները կարող եք գտնել՝ անցնելով հետևյալ հղմամբ։

  • Կիսվել: