ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Եղեգնաձորում «Թումո տուփ» կտեղադրվի. Կառավարության որոշմամբ հողամաս հատկացվեց

Եղեգնաձորում «Թումո տուփ» կտեղադրվի. Կառավարության որոշմամբ հողամաս հատկացվեց

Կառավարության՝ հունիսի 20-ի նիստին հաստատվեց Վայոց ձորի Եղեգնաձոր համայնքի Շահումյան 12 փողոցում գտնվող 7519 քմ հողամասից 625 քմ-ն հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով «Սիմոնյան» հիմնադրամին հանձնելու մասին որոշման նախագիծը: Այն մասին գործադիրի նիստին ներկայացրեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը:

Տարածքը, ըստ նախարարի, այս պահին օգտագործում է «Եղեգնաձորի վարժարան» ՊՈԱԿ-ը, որոշման ընդունումից հետո այն կտրամադրվի «Սիմոնյան» կրթական հիմնադրամին շարժական «Թումո տուփը» ստեղծելու համար:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց վիճակագրություն: Ըստ այդմ՝ 2011 թվականին մայրաքաղաքում բացվել է «Թումո Երևանը»՝ իր 4 կից տուփերով, և այն ամեն շաբաթ ընդունում է ավելի քան 12.200 սովորողի:

«Մեր երկրում գործում են 6 խոշոր կենտրոններ և դրանց կից 35 տուփեր, որտեղ շաբաթական հաճախում է ավելի քան 21 հազար երեխա»,- ասաց նախարարը՝ նշելով, որ ոչ ֆորմալ կրթական ծրագրերն այսօր դարձել են հասանելի երկրի տարբեր բնակավայրերում, քանի որ դրանց գործունեության համար Կառավարության տարբեր որոշումներով տարածքներ են հատկացվում:

«Թումոն» ընդլայնվում է նաև աշխարհի տարբեր երկրներում: Հունիսի 1-ին «Թումո» կենտրոն բացվեց Ճապոնիայում, իսկ մի քանի օր առաջ «Թումոյի» բացման հիմնարկեքն էր Ուրուգվայում:

«Սա նշանակում է, որ մենք ունենք կրթական պրոդուկտ, որը նաև արտահանվում է: Սա ցույց է տալիս, որ այս մոդելը մրցունակ է աշխարհում:

Բայց սա ամբողջ իրավիճակը չէ: Մենք ունենք նաև COAF կենտրոններ մեր երկրում, որտեղ ավելի քա 5000 երեխաներ են հաճախում 54 բնակավայրերից:

Բացի դրանից՝ պետությունը ֆինանսավորում է տեխնոլոգիական ոլորտի հետ համատեղ «Արմաթ» խմբակների գործունեությունը, որը նույնպես ոչ ֆորմալ կրթություն է: Այս պահին 1044 խմբակներ ունենք շուրջ 16 հազար հաճախող երեխաներով, և սա ցույց է տալիս, որ ոչ ֆորմալ կրթության հնարավորությունները մեր կրթական համակարգում էապես ընդլայնվել են: Սա նաև կրթության որակի բարձրացման և դպրոցին աջակցության շատ կարևոր ուղղություն է»,- ասաց նախարարը:

  • Կիսվել: