երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Դեպքեր կան, երբ մանկապարտեզները ծնողներից անկողնային սպիտակեղեն են ուզում. Փաշինյան

Դեպքեր կան, երբ մանկապարտեզները ծնողներից անկողնային սպիտակեղեն են ուզում. Փաշինյան

Դեպքեր կան, երբ մանկապարտեզները երեխաների ծնողներից, օրինակ, անկողնային սպիտակեղեն են ուզում, այստեղ պետք է մեր քաղաքականությունը որոշենք, թե գույքը մինչև որ կետն ենք նկատի ունենում ապահովել. այս մասին կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հարց բարձրացրեց, արդյոք աշխատանքները պլանավորում են այնպես, որ մանկապարտեզների գույքային հատվածներն էլ ապահովենք, չէ՞:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ չզեկուցվող հարցերի շարքում նման նախագիծ հաստատեցին, որով անհրաժեշտ հատկացումներն են արել այն մրցույթների ու մատակարարումների համար, որոնք նախորդ տարի չէին ավարտվել և կարիք կար այդ հատկացումների, որ ամբողջական գույքային հագեցվածությունը ապահովվի:

Վարչապետը նշեց, որ այստեղ պետք է կառավարության քաղաքականությունը հստակեցվի: «Տեղեր կան, որ ծնողներն իրենք են ասում, որ մեր երեխաների համար մենք ինքներս ենք սպիտակեղեն բերում անկողնային: Այստեղ մենք մեր քաղաքականությունը պետք է որոշենք, ստանդարտ դնենք և ասենք, որ սա է, որովհետև չափորոշիչը մենք ենք որոշում»,- ասաց նա:

Անդրեասյանն էլ նշեց, որ առանձին գույքի ցանկի հրաման կա, և որ Փաշինյանի նշած պարագաները ներառված են այդ ցանկի մեջ:

«Մենք այս որոշումներով այդ հատկացումներն ենք անում, այսինքն անկողնային այդ սպիտակեղենը, անհրաժեշտ սպասքն առնվազն գործարկման պահին պետք է տրամադրել, իսկ հետո արդեն ժամանակի ընթացքում դրա փոխարինումը պետք է լինի հաստատության պահպանման ծախսերի մի մասը: Բոլորս հասկանում ենք, որ դրանք ավելի արագամաշ պարագաներ են և կարիք են ունենալու ավելի հաճախ փոխվելու, և սա պետք է ներառվի պահպանման ծախսերի մեջ հետագա շահագործման ընթացքում»,- ասաց Անդրեասյանը:

  • Կիսվել: