Չեմ իմացել, որ բնակարան եմ ունեցել. Վահե Հովհաննիսյանը` հայտարարագրում հայտնված բնակարանի մասին
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պարզաբանումներ են ուզել։ Ես այդ ժամանակ նոր իմացա, որ բնակարանի համասեփականատեր եմ։
ԱԺ-ում պատասխանելով Factor.am-ի հարցին ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Նախարարն իր վերջին հայտարարագրում նշել է հողատարածքի վաճառքի մասին, որը երբեք չի հայտարարագրել, բացի այդ հայտարարագրում նշում կա դեռևս 2004-ին ձեռք բերված բնակարանի մասին։
«Ես, որ նշել եմ էն հողատարածքը, որն ունեմ, որից մի հատված առանձնացրել և վաճառել եմ։ Դա առանձին գույք չի եղել, մի հողատարածքի մեջ է եղել, առանձնացվել վաճառվել է, հետևաբար՝ առանձին ներկայացված չի եղել։ Ինչ վերաբերում է բնակարանին, որը ես հայտարարագրել եմ, դա այն բնակարանն է, որտեղ ես ծնվել եմ և այդ տանը գրանցվել եմ օրենքի ուժով։ Այդ տանը դարձել եմ համասեփականատեր, որտեղ գրանցված եմ եղել»,-ասել է նախարարը։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը 2025-ի ապրիլին պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին քրեական վարույթ նախաձեռնել՝ Վահե Հովհաննիսյանի հայտարարագրերում կոռուպցիոն ռիսկ պարունակող արարքների առնչությամբ, սակայն ՀՀ դատախազությունը բողոքարկել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի այդ որոշումը։