երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԲՏԱ նախարարն ու ՀԱՊՀ ռեկտորը քննարկել են համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

ԲՏԱ նախարարն ու ՀԱՊՀ ռեկտորը քննարկել են համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ

Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպում է ունեցել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանի գլխավորած պատվիրակության հետ։

Ինչպես տեղեկանում ենք ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Մխիթար Հայրապետյանն ընդգծել է կրթություն-գիտություն-արտադրություն կապի կարևորությունը, տեխնոլոգիական ուղղվածությամբ բուհերի ու ֆակուլտետների կողմից նորարարության վրա հիմնված գիտահետազոտական ծրագրերի և աշխատանքների մշակումն ու իրականացումը։

Նախարարն անդրադարձել է տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված 7-ամյա ծրագրին, ներկայացրել նոր օրենսդրությամբ սահմանված ուղղություններով ուսանողների, ստարտափների, ոլորտում ներգրավված մասնագետների համար սահմանված բարեփոխումներին։ Անդրադարձ է կատարվել նաև նախարարության ընթացիկ աշխատանքներին և առաջիկա ծրագրերին, «ՀՀ հարկային օրենսգրքում» կատարված նոր կարգավորումներին, որոնցով հատկապես R&D  աշխատանքներում ներկայացված աշխատակիցների համար սահմանվել են հարկային արտոնություններ։

Գոռ Վարդանյանն իր հերթին ներկայացրել է տեխնոլոգիական կրթության առաջընթացին ուղղված ծրագրերը, ձեռքբերումները, ինչպես նաև ծագած խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։ Անդրադարձ է կատարվել նոր օրենքի շրջանակում ենթաօրենսդրական ակտերի ընդունման, ՀԱՊՀ֊ի բազային գիտահետազոտական լաբորատորիաներում աշխատող գիտական  աշխատակիցների համար սահմանված բարեփոխումների շրջանակին, մասնագետների վերապատրաստման գործընթացներին և ոչ միայն։

Քննարկվել է նախարարության մի շարք ծրագրերի՝ այդ թվում «Գաղափարից մինչև բիզնես» դրամաշնորհային ծրագրի, «Մասնագետների պատրաստման բարձրագույն ուսումնական հաստատություններ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի «Գործնական հմտությունների կատարելագործում» բաղադրիչի շրջանակում գործակցության նոր հնարավորությունների ստեղծման շրջանակներին: Քննարկվել է համագործակցության մի շարք առաջարկներ՝ նորարարության, ստարտափ էկոհամակարգի զարգացման, ինժեներական կրթության, նոր մասնագիտությունների ձևավորման ընթացքում կադրային կապիտալի ձևավորման, նախարարութուն-բուհ համագործակցության ընթացքում առաջ քաշված ոլորտային խնդիրներին համատեղ լուծումներ տալու  հնարավորությունների վերաբերյալ: 

Ձեռք են բերվել պայմանավորվածություններ համատեղ աշխատանքային խմբերի միջոցով գործողությունների ճանապարհային քարտեզների մշակման շուրջ։

Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1211226

  • Կիսվել: