ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել մի շարք նախագծերի
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 16-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել և դրական եզրակացություն են ստացել մի շարք օրենքների նախագծեր:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվող լրացումների նպատակը վարձույթով տրամադրելու համար ձեռքբերված ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող տրանսպորտային միջոցների մասով սահմանված կարգավորումների կիրառության առումով բացառություն նախատեսելն է: Նախագծով առաջարկվում է սահմանափակումները չտարածել նաև լիզինգատուների դեպքում:
Առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո օրինագծի հեղինակ Բաբկեն Թունյանն առաջարկել է վերադառնալ բնականոն ռեժիմի ու հանել այն կարգավորումները, որոնք աղավաղում են շուկայական տրամաբանությունը: Հանձնաժողովի փոխնախագահի խոսքով՝ առաջին ընթերցումից հետո կարգավորումների դաշտն ընդլայնվել է:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը երկրորդ ընթերցմամբ ներկայացրել է Կառավարության հեղինակած ««Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Զեկուցողը տեղեկացրել է, որ փաթեթի ընդունումը բխում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով Հայաստանի ստանձնած պարտավորություններից և միտված է սպառողների շահերի պաշտպանության արդյունավետ համակարգի ստեղծմանը: Նրա խոսքով գործող օրենսդրության մեջ բացակայում են սպառողների շահերի պաշտպանության վարչաիրավական մեխանիզմների վերաբերյալ կարգավորումներ, ինչպես նաև առկա չէ սպառողների շահերի դեմ ուղղված անարդար գործելակերպի դեպքում վարույթ հարուցելու և պատասխանատվության միջոց կիրառելու լիազորություններով օժտված կենտրոնական մարմին:
Նախարարը հավելել է, որ չկան սպառողների դեմ ուղղված անարդար, մոլորեցնող և ագրեսիվ առևտրային գործելակերպն արգելող կարգավորումներ, բացակայում են ապրանքի միավոր գնի ներկայացման կանոններն ու սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների քննության հատուկ կարգավորումները:
Նախաձեռնությամբ նախատեսվել են կարգավորումներ, որոնք ուղղված են վերոնշյալ խնդիրների լուծմանը:
Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ ընդունվել են մի շարք առաջարկություններ՝ իրավական ու տեխնիկական բնույթի:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ընդգծել է, որ նախագծի վերաբերյալ եղել են նաև աշխատանքային քննարկումներ:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը: Նախագիծը վերաբերում է խաղային գովազդների տեղակայման սահմանափակման հարցին: Մասնավորապես, նախագծով առաջարկվում է արգելք սահմանել ՀՀ սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև հյուրանոցային տնտեսության օբյեկտներում շահումով խաղի, ինտերնետ շահումով խաղի, խաղատան կամ խաղասրահի կամ վիճակախաղի գովազդի տեղադրման համար:
Նարեկ Ղահրամանյանը տեղեկացրել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախաձեռնությունը համալրվել է ««Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» նախագծով: Այս օրենքում ևս նախատեսվում է նույնաբովանդակ փոփոխություն կատարել:
Մեկ այլ փոփոխությամբ նախատեսվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակվելուց հետո՝ 10-րդ օրը:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հաջորդիվ քննարկվել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը հայտնել է, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը փոփոխությունների չի ենթարկվել:
Հիմնական կարգավորումները՝ այստեղ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել քննարկված նախագծերին: Դրանք կքննարկվեն ԱԺ առաջիկա հերթական նիստերի ընթացքում: