Ինքնակարգավորվող կազմակերպությունները պետք է ներկայացնեն գործողությունների ծրագիր. նախագիծ
ՀՀ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծին։
Նախագիծը դրական եզրակացության արժանացավ տնտեսական հարցերով հանձնաժողովի՝ սեպտեմբերի 25-ի նիստի ընթացքում, որի ժամանակ որպես նախագծի հիմնական զեկուցող հանդես եկավ ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Նախագծով առաջարկվում է «Գնահատման օրենքում» կատարել մի քանի փոփոխություն։ Հիմնական հարցը կայանում է նրանում, որ այսօրվա «Գնահատման օրենքի» կարգավորումներով առկա են մի քանի ձևակերպումներ, որոնք մեր աշխատանքի ընթացքում մենք ուսումնասիրեցինք և հասկացանք, որ դրանք խոչընդոտներ կարող են առաջացնել մեր գործողությունների մեջ և, հետևաբար, նախաձեռնեցինք այս փոփոխությունները», -նշեց նախագծի հիմնական զեկուցող Սուրեն Թովմասյանը։
Նրա խոսքով՝ փոփոխություններից առաջինն այն է, որ Կադաստրի կոմիտեում գործում է գնահատման հաշվետվությունների ուսումնասիրման հանձնաժողով, որի անդամների հանդեպ ևս օրենքով սահմանված են պահանջներ, որոնցից մեկն օրինակ՝ այն է, որ անդամն անպայման պետք է ունենա 5 տարվա աշխատանքային փորձ, որպեսզի կարողանա ներգրավել հանձնաժողովի կազմում։
«Որպեսզի մենք այստեղ կարողանանք ավելի ընդգրկուն դարձնել հանձնաժողովի անդամների համար առաջադրվող թեկնածուների ցուցակը, այս 5 տարին առաջարկում ենք դարձնել 2 տարի»,-ասաց Սուրեն Թովմասյանը՝ հավելելով, որ բացի այդ, նաև պարտադիր պահանջ է սահմանվում, որ եթե ներդրվելիք ռոտացիոն համակարգի արդյունքում հանկարծ որևէ մեկի անունը նշվի, որը ինքը պետք է մասնակցի հանձնաժողովի նիստերին, ապա նա ունի պարտավորություն՝ առավելագույնը 1 տարի ժամկետով մասնակցելու այդ նիստերին։
ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի դիտարկմամբ՝ բացի այս նախագծով նաև կարգավորվում է ինքնակարգավորվող կազմակերպություններին վերաբերող մի հատված, որով սահմանվում է, որ ինքնակարգավորվող կազմակերպությունները պետք է ներկայացնեն գործողությունների ծրագիր և համապատասխան միջոցառումներ, պետք է տարեկան մոտ 80 տոկոս կատարողական ապահովեն, որպեսզի համարվի, որ այդ ծրագիրն իրականացված է։
«Անդամակցության 30 տոկոս շեմը իջեցնում ենք 10 տոկոս գնահատողների անդամակցության շեմի, որպեսզի կարողանանք պարարտ հող ստեղծել, որպեսզի միջավայրում գործի ոչ թե մեկ ինքնակարգավորվող կազմակերպություն, այլև մի քանի ինքնակարգավորվող կազմակերպություն»,- ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավարը։
Նա հավելեց, որ նախագիծը կարգավորում է նաև դասընթացներին վերաբերող կետը, քանի որ այժմյան գործող օրենսդրությամբ՝ նախքան որակավորման քննության մասնակցելը, գնահատողը պետք է պարտադիր կերպով դասընթացի մասնակցեր ինքնակարգավորվող կազմակերպությունում, ստանար հավաստագիր, որպեսզի կարողանար մասնակցել որակավորման քննությանը։
«Մենք այս ընթացակարգը փոխում ենք, քանի որ ընթացքում խնդիրներ են առաջացել։ Այս պահի դրությամբ մենք այդ պարտադիր դասընթացի անցկացումը և հավաստագրի ստացումը հանում ենք, բայց նաև նոր նախագիծ ունենք, որն ավելի ընդգրկուն փոփոխություններ է նախատեսում, որի համաձայն՝ եթե մարդն ունի բարձրագույն կրթություն կամ ոլորտում ունի աշխատանքային ստաժ, ապա ինքը պետք է որակավորման քննությանը մասնակցելու հնարավորություն ունենա»,-շեշտեց Սուրեն Թովմասյանը՝ հավելելով, որ ընդհանուր բովանդակային առումով նախագիծն այդքանն է, որն առաջին ընթերցմամբ ներկայացվել է, սակայն Ազգային ժողովի կողմից ներկայացվել են մի քանի դիտարկումներ, որոնց վերաբերյալ Կադաստրի կոմիտեն ևս 3 բովանդակային փոփոխություն է մտցրել նախագծի մեջ։
Նրա փոխանցմամբ՝ նախագիծը լրացվել է հետևյալ հոդվածով. «Անձին՝ որպես գնահատող հաշվառելու կապակցությամբ նախատեսվել է բացառություն այն դեպքերի համար, երբ լիազոր մարմնում սահմանված կարգով որևէ ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ, ինչպես նաև նախատեսվել է, որ գնահատողը հաշվառումից չի հանվում և շարունակում է զբաղվել գործունեությամբ, եթե լիազոր մարմնում սահմանված կարգով որևէ գնահատողի ինքնակարգավորվող կազմակերպություն հաշվառված չէ»։
Կադաստրի կոմիտեի ղեկավարը հավելեց, որ հաջորդ լրացումը վերաբերում է նրան, որ օրենքում բացակայում են գնահատողների, ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից ամենամյա հաշվետվությունների վերաբերյալ իրավադրույթները՝ մասնավորապես ամենամյա հաշվետվությունների հասկացությունը, ներառման ենթակա տվյալները, ներկայացման ժամկետները և այլն։
«Նախագծի 9-րդ՝ խմբագրված 10-րդ հոդվածում «ակտի հիմքով» բառերի փոխարեն լրացվել է «ակտն ընդունվելուց հետո 6 ամսվա ընթացքում» բառերը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «ակտի հիմքով» ձևակերպումը կհանգեցնի տարընկալման՝ մասնավորապես լիազոր մարմնում առաջին հաշվառման համար գնահատողների, ինքնակարգավորվող կազմակերպությունների կողմից անդամների ցանկ չներկայացնելու և վերջինիս հաշվառելուց հետո եռամսյա ժամկետում ներկայացնելու արտոնությունը կարող է դիտարկվել որպես հիմնական բնույթ կրող իրավական նորմ, որն էլ իր հերթին կհակասի նախագծի 6-րդ՝ խմբագրված 7-րդ հոդվածով լրացված 24,1-ին»,-եզրափակեց ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար, նախագծի հիմնական զեկուցող Սուրեն Թովմասյանը։
Նախագծի հիմնական փոփոխությունների և լրացումների մասին զեկույցից հետո ՀՀ ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ներկաներին տեղեկացրեց, որ 2-3 տարի առաջ, երբ այս «Գնահատման ոլորտի օրենքի» կարգավորումները փոխվում էին, ոլորտի ներկայացուցիչների հետ տեղի են ունեցել ինտենսիվ հանդիպումներ, որոնցից հետո պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որպեսզի ոլորտի ասոցիացիաները միասնական առաջարկներ ներկայացնեն, սակայն, ցավոք, նման առաջարկներ չեն ստացվել, քանի որ հենց այդ ասոցիացիաների ներսում էլ կարևոր հարցերի շուրջ լինում են միմյանց հակասող տեսակետներ։
«Եթե մենք սպասենք, որ տվյալ ոլորտը միակամ համաձայն կլինի առաջարկվող կարգավորումներին, ապա կարծում եմ՝ դա գործնականում անհնար է»,-ասաց Բաբկեն Թունյանը։
Հանձնաժողովը քվեարկությամբ ընդունեց նախագծում փոփոխություններ կատարելու մասին Կառավարության կողմից առաջարկված կետերը։
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մեկ այլ քվեարկությամբ ընդունեց «Գնահատման գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։