երկուշաբթի, հունիս 30
30 / 6 / 2025
Այսօրվանից կգործարկվի Y.E.S. հարթակը. այն փոխարինելու է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհանին»

Այսօրվանից կգործարկվի Y.E.S. հարթակը. այն փոխարինելու է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհանին»

Համայնքային ծառայությունների միասնական հարթակը՝ Y.E.S-ը, այսօրվանից կգործարկվի և կգործակվի փուլային տարբերակով: Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի» տնօրեն Սարգիս Մանուկյանը:

Այս հարթակը մեկ պատուհանի սկզբունքով համախմբելու է Երևանի քաղաքապետարանի և իր ենթակառուցվածքների միջոցով տրամադրվող բոլոր ծառայությունները։

«Գերնպատակն առավել հարմար ծառայություններ հասցնելն է և, իհարկե, բիզնեսին: Հարթակից օգտվելը շատ պարզ է, ընդամենը մեկ գրանցումով քաղաքացին կարողանալու է օգտվել քաղաքային ծառայություններից, տեսնել իր պարտավորությունները, վճարել դրանց համար և օգտվել տեղեկատվական ծառայություններից»,- ասաց նա:

Սարգիս Մանուկյանն իր օրինակով ցույց տվեց, թե ինչպես է համակարգն աշխատում: Ըստ այդմ՝ անհրաժեշտ է մուտք գործել համակարգ, և այդուհետ համակարգն ինքնաշխատ եղանակով կճանաչի քաղաքացուն, նրա գույքը, տրանսպորտային միջոցները և կհաշվարկի դրանց մասով պարտավորությունները։ Այլևս անհրաժեշտություն չի լինի հիշելու որևէ կադաստրային գույքի ծածկագիր, վկայականի համար և այլն:

«Այս համակարգը փոխարինելու է Երևանի քաղաքապետարանի «Մեկ պատուհան» գրասենյակներին. սա ամբողջությամբ պետք է ծածկի քաղաքային ծառայություններն էլեկտրոնային միջավայրում»,- ասաց նա:

Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ Երևանի քաղաքապետարանը հանձն է առել իր բոլոր ծառայությունները թվայնացնել, և հարթակի միջոցով այսօր էլ հնարավոր է մտնել, գրանցվել, նույնականացնել անձը՝ տնից դուրս չգալով, օգտվել քաղաքապետարանի բոլոր հնարավոր ծառայություններից՝ առանց հավելյալ խոչընդոտների:

«Հարթակի հետագա զարգացումը ենթադրում է հեռախոսային հավելվածներ, որը, հուսով ենք, մինչև տարվա վերջ կունենանք»,- ասաց նա։

Քաղաքապետը հանձնարարեց առաջիկա մեկ շաբաթում արձանագրել բոլոր խնդիրները, նորից քննարկել բոլոր դիմումները:

«Այս շաբաթը փորձնական համարենք, որպեսզի ի հայտ բերենք բոլոր հնարավոր խնդիրները, որոնք շատ արագ կլուծվեն»,- ասաց նա։

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը հավելեց՝ համակարգում հնարավոր կլինի մուտք գործել դեմքի նույնականացմամբ, ինչպես նաև նույնականացման քարտով և Mobile ID-ով։ 

  • Կիսվել: