հինգշաբթի, հունիս 12
12 / 6 / 2025
Այո՛, պետք է այդ խցանումներն առաջանան. Ավինյանը՝ 250 ավտոբուսի ներմուծման և տրանսպորտային նոր գծերի մասին

Այո՛, պետք է այդ խցանումներն առաջանան. Ավինյանը՝ 250 ավտոբուսի ներմուծման և տրանսպորտային նոր գծերի մասին

Երևան քաղաքում հավելյալ 250 ավտոբուսները ներմուծելու ժամանակ վստահաբար որոշակի հավելյալ խցանումներ ավելանալու են: Ոչ միայն այս պատճառով են ավելանալու, այլև խցանումներն ավելանալու են հենց այն պահին, երբ շուտով սկսենք գծել նոր ավտոբուսային գծերը տարբեր հատվածներում, որոնք նախատեսված են միայն ավտոբուսների համար: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Սա ամենակարևոր փոփոխությունն է, որ մենք իրականացնում ենք:

Այո՛, պետք է այդ խցանումներն առաջանան, պետք է մեր տրանսպորտային համակարգն իր ամբողջական շարժակազմով ծառայի ամբողջ քաղաքին: Մեր ժամանակը պետք է քիչ ծախսվի ավտոբուս սպասելու վրա, որ ես, դուք, մեր գործընկերները որոշենք, որ մեզ ավտոմեքենա հազվագյուտ դեպքերում է պետք:

Երևան քաղաքում տրանսպորտային համակարգն այնպիսին է, որ բոլորիս ավելի հարմար է, որ ոչ թե գնանք, այդ խցանումների մեջ մեր ավտոյով մնանք, այլ մտնենք ավտոբուս, նստենք մետրոն, նստենք մյուսը և այդ ճանապարհով տեղաշարժվենք քաղաքով մեկ:

Ես վստահեցնում եմ՝ չկա մի եվրոպական քաղաքի հաջողված փորձ, որն այս ճանապարհով չի գնացել: Բոլորը, ովքեր գնացել են այս ճանապարհով, հաջողել են: Բոլոր նրանք, ովքեր հապաղել են այս ճանապարհով գնալ, նրանք իրականում շատ ավելի լուրջ խնդիրների առաջ են կանգնած»,- ասաց նա:

  • Կիսվել: