Ավարտվել է Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ ճանապարհի շինարարությունը
ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում ավարտվել են Սեւան-Գոմաձոր-Ցամաքաբերդ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, ծրագիրը ֆինանսավորվել է Համաշխարհային բանկի եւ ՀՀ կառավարության միջոցներով։ Վերականգնված մարզային ենթակայության ճանապարհահատվածը Սեւան քաղաքի Գոմաձոր եւ Ցամաքաբերդ թաղամասերը կապում է միմյանց, իսկ Սեւան քաղաքի կենտրոնը՝ Սևան քաղաքի կենտրոնը՝ միջպետական ու հանրապետական նշանակության ճանապարհների հետ։ Ծրագրի նախահաշվային արժեքը կազմել է 801 միլիոն դրամ, պայմանագրային արժեքը՝ 775,7 միլիոն դրամ։ Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հոկտեմբերից եւ ավարտվել 2021 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ։ Ճանապարհը հիմնանորոգվել է 5300 գծամետր երկարությամբ, որից 600 գծամետրը կազմել են Գոմաձորի եւ Ցամաքաբերդի դպրոցներ տանող մուտքերը։


