ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Աժիոտաժ կա, եթե իմանայի այսպիսի ծրագիր կա, ես էլ անհուսալի վարկ ունենայի, բոլոր գործերս կթողնեի, կդիմեի. Փաշինյան

Աժիոտաժ կա, եթե իմանայի այսպիսի ծրագիր կա, ես էլ անհուսալի վարկ ունենայի, բոլոր գործերս կթողնեի, կդիմեի. Փաշինյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն այսօր՝ ապրիլի 23-ի կառավարության նիստում ներկայացրեց անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման համար ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին նախագիծը:

«Ներկայացվող նախագծի նպատակը ապրիլ և մայիս ամիսների համար ապահովելն է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ. Նախագծով առաջարկվում է երկրորդ եռամսյակում վճարումներ կատարելու համար հատկացնել 209 մլն դրամ: Միջոցառման շրջանակում աջակցություն է տրվում այն վարկառուֆիզիկական անձանց, որոնց բոլոր վարկերը 3 և ավելի տարի դասակարգված են «անհուսալի» դասով, միաժամանակ մայր գումարի գծով պարտավորությունները չեն գերազանցում 1 մլն դրամը:

Աջակցությունը տրվում է շահառուի աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից հաշվարկված եկամտային հարկի գումարի 100%-ի չափով, որն ուղղվում է անհուսալի վարկային պարտավորության մարմանը: Աջակցությունը տրամադրվում է առավելագույնը 24 ամիս ժամկետով՝ սկսած շահառու ճանաչվելուն հաջորդող ամսվա 1-ից, բայց ոչ ավելի, քան անհուսալի վարկի ամբողջական մարումը:

Դիմումների ընդունման ժամկետ է սահմանվել 2025 թվականի փետրվարի 1-ից 2026 թվականի հունվարի 31-ը»,-ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ դիմել եւ դիմումը բավարարվել է 3594  անձի համար: «Մարտին վճարվել է փետրվարին դիմած և հաստատված թվով 1896 անձի  համար աջակցություն, որի դրամական աջակցության չափը կազմում է 70 մլն դրամ: Մարտին դիմել եւ շահառու է դարձել եւս 1072 անձ, որոնց վճարումը կկատարվի ապրիլի վերջին: Արդյունքում կունենանք 2968 անձ, որոնք արդեն որպես ծրագրի շահառու կստանան աջակցություն»,-ասաց Ստեփանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ պոտենցիալ շահառուների թիվը 300 հազարի է հասնում: Փոխնախարարը պարզաբանեց, որ նրանց թիվը 218 հազար է, որոնց վարկային ընդհանուր բեռը 168 մլրդ դրամ է. «Այդ 218 հազար անձից մոտավորապես 40 600 անձ է այս պահի դրությամբ ունեցել զբաղվածություն: Մենք դիտարկում ենք, որ 2026-ի հունվարի 31-ին առնվազն 90 հազար անձ եւս կկարողանանք ներգրավել այս ծրագրի  ծրագրի շրջանակներում եւ կունենանք 218 հազար նախանշված թիրախ խմբից առնվազն 60 տոկոսի ներգրավում, որոնց թիվը կկազմի 131 հազար անձ»,-ասաց նա:

Փաշինյանը հերաքրքրվեց, թե ինչու 40 հազար աշխատող անձինք չեն դիմել, որ իրենց եկամտային հարկը ուղղվի իրենց վարկերի մարմանը. «Այսօր էլ 40 հազար մարդ աշխատում է եւ իրենից ոչ մի լրացուցիչ ծախս չի պահանջվում: Մարդը ընդամենը պետք է դիմի, որ իր վճարած եկամտային հարկն ուղղվի այդ նպատակի իրագործմանը: Սենց, թե նենց այսօր իր աշխատավարձից պահվում է այդ եկամտային հարկը 20 տոկոսի չափով: Եթե ես անհուսալի վարկ ունենայի, բոլոր գործերը կթողնեի, կգնայի, որ արագ այդ պատմությունից ազատվեմ, բայց դիմել են ընդամենը 3500-ը: Այսինքն աշխատող անձանց նույնիսկ 10 տոկոսը չի դիմել: Պետք է հասկանանք՝ տեղյա՞կ չեն մարդիկ, թե այլ խնդիր կա»:

  • Կիսվել: