կիրակի, հունիս 14
14 / 6 / 2026
ԱՄՆ-ում Երևանի քաղաքապետարանի GIS նախագիծը ստացել է Special Achievement in GIS հեղինակավոր մրցանակը

ԱՄՆ-ում Երևանի քաղաքապետարանի GIS նախագիծը ստացել է Special Achievement in GIS հեղինակավոր մրցանակը

Հուլիսի 14-18-ը ԱՄՆ-ում տեղի է ունեցել համաշխարհային GIS օգտատերերի ամենահեղինակավոր կոնֆերանսը, որի մասնակիցների թիվը շուրջ 20 հազար էր: Կոնֆերանսի ժամանակ «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը ներկայացրել է շուրջ 1 տարի առաջ Երևանի քաղաքապետարանում սկիզբ առած և ներդրված միասնական GIS համակարգն ու դրա արդյունավետությունը:

«Ուրախ եմ տեղեկացնել, որ կոնֆերանսի ընթացքում իրականացվող մրցանակաբաշխության համար ներկայացված շուրջ 100 հազար նախագծերից Երևանի քաղաքապետարանի GIS նախագիծն ընտրվեց միջազգային 78 լավագույն նախագծերի շարքում»,- ասաց Սարգիս Մանուկյանը և հավելեց, որ այն ստացել է Special Achievement in GIS հեղինակավոր մրցանակը:

«Որպեսզի հասկանալի լինի՝ հեղինակավոր ասածն ինչ է, այս 78-ի շարքում են նաև British Petroleum-ը, Bank of America-ն, ԱՄԷ-ի միջավայրի և կանաչապատման նախարարությունը և այլ հեղինակավոր կազմակերպություններ ու քաղաքներ»,- ասաց նա:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նկատեց, որ Երևանի քաղաքապետարանը կարևոր կետի է հասել թվայնացման և GIS համակարգի ներդրման առումով, և կարևոր է, որ դա աննկատ չի մնացել Հայաստանից դուրս:

«Մրցանակն իրապես պատվաբեր է: Սա նշանակում է, որ մենք ճիշտ ուղղությամբ ենք շարժվում: Բայց մեզ համար ամենակարևորն այն է, որ այն, ինչ մենք ստեղծել ենք, մաքսիմալ, շարունակաբար պետք է ինտեգրենք մեր ներքին պրոցեսների մեջ: Մեր բոլոր վարչական շրջաններում պետք է աշխատեն այդ համակարգերով»,- ասաց Ավինյանը:

  • Կիսվել: