Ամբողջովին վերանորոգված 3 ամբուլատորիա` Արարատի 3 գյուղում
Արարատի մարզի Այնթապ, Ռանչպար և Տափերական գյուղերն արդեն ունեն հիմնովին վերանորոգված և վերազինված ամբուլատորիաներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, ծանոթանալով գյուղական ամուլատորիաների նոր պայմաններին, նշել է, որ ԱԱՊ օղակի անընդհատ բարելավումը Կառավարության և Առողջապահության նախարարության առաջնահերթություններից է, և որ առաջիկայում, Կառավարության ծրագրի շրջանակներում, կվերակառուցվեն և կվերազինվեն շուրջ 5 տասնյակ գյուղական ամբուլատորիաներ և մարզային 8 պոլիկլինիկա:

Նախարարի տեղակալը նշել է նաև, որ առողջության առաջնային պահպանման օղակում մեկնարկած այս բարեփոխումները չեն սահմանափակվում միայն վերակառուցմամբ ու վերազինմամբ. ընթացքի մեջ է ԱԱՊ օղակի նոր կառավարման մոդելի ներդրումը, միաժամանակ, ընտանեկան բժիշկների և բուժքույրերի համար սահմանվել են նոր գործառույթներ, այդ նպատակով կիրականացվեն նաև համապատասխան կրթական ծրագրեր:

Արարատի մարզի 3 գյուղերում իրականացված այս ծրագիրը Ճապոնիայի կառավարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համագործակցության արդյունք է. միտված է բարելավել այն համայնքների բժշկական ենթակառուցվածքները, որոնք հյուրընկալել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներն: