ԱԳ փոխնախարարը Նիցցայում քննարկմանը ներկայացրել է ծովային աղտոտվածության հետևանքով առաջացող մարտահրավերները
Հունիսի 10-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Բոլոր տեսակի, մասնավորապես՝ ցամաքային գործունեության արդյունքում առաջացող ծովային աղտոտվածության կանխարգելումը և զգալի նվազեցումը» խորագրով պանելային քննարկմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:
Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրել է ծովային աղտոտվածության հետևանքով առաջացող մարտահրավերները՝ ընդգծելով դրա բացասական ազդեցությունը կենսաբազմազանության, սննդի անվտանգության, հանրային առողջության և տնտեսական զարգացման ոլորտների վրա։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը կարևորել է շրջակա միջավայրի կայունության ապահովման համար ինտեգրված մոտեցումների անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակը սահմանում է նման մոտեցումների հավակնոտ օրակարգ՝ Կայուն զարգացման 2030 օրակարգին և դրա նպատակներին համահունչ։
ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակիցների ուշադրությանն է ներկայացրել 2026 թ. Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) արդյունավետ անցկացման վերաբերյալ Հայաստանի տեսլականը։ Նշել է, որ համաժողովի շրջանակում նախատեսվում է Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի հանձնառությունների առաջին գլոբալ վերանայումը՝ շեշտելով, որ հանձնառությունների արդյունավետ իրագործումը պահանջում է բոլոր շահագրգիռ կողմերի համատեղ և համադրված ջանքերը։