երեքշաբթի, նոյեմբեր 24
24 / 11 / 2026
Ադրբեջանական էժան էլէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազման. Վահե Դավթյան

Ադրբեջանական էժան էլէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազման. Վահե Դավթյան

Ադրբեջանական էժան էլեկտրաէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազման։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Էներգետիկ փորձագետ Վահե Դավթյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Միացո՞ւմ, թե՞ սինքրոնացում:

Հայաստանի և Ադրբեջանի էներգահամակարգերի միացման շուրջ ծավալվող քննարկումներում նախևառաջ անհրաժեշտ է հստակեցնել, թե խոսքը միջպետական էլեկտրացանցային կապերի հաստատմա՞ն, թե՞ էներգահամակարգերի սինքրոն աշխատանքի կազմակերպման մասին է։

Եթե խոսքը սինքրոնացման մասին է (իսկ պաշտոնական խոսույթը հենց դրա շուրջ է կառուցվում), ապա դրա հիմնական ռիսկը Հայաստանի էներգահամակարգի ինքնուրույն գործելու կարողության աստիճանական կորուստն է։ Խոսքը մի իրավիճակի հնարավոր ձևավորման մասին է, երբ երկրի էներգահամակարգի բնականոն աշխատանքը կախված կլինի Ադրբեջանի էներգահամակարգի աշխատանքի ռեժիմից և այնտեղ ընդունվող որոշումներից։

Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Հայաստանին առհասարակ անհրաժեշտ այդ սինքրոնացումը։

Էլեկտրաէներգիայի առևտրի համար համակարգերի սինքրոնացումը բնավ պարտադիր չէ։ Կարելի է կառուցել միջպետական էլեկտրահաղորդման գծեր՝ հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայաններով՝ պահպանելով ազգային էներգահամակարգերի ինքնուրույնությունը։ Հենց այսպիսի մոդել է նախատեսված Հայաստան-Վրաստան էներգահամակարգերի միացման նախագծով։

Մինչդեռ սինքրոնացումը ենթադրում է հաճախականության համաձայնեցված կարգավորում, կարգավարական ծառայությունների աշխատանքի համակարգում։ Մեծանում են նաև համակարգային վթարների տարածման ռիսկերը։

Կա նաև խնդրի տնտեսական կողմը։ Ադրբեջանն արտադրում է գրեթե երեք անգամ ավելի շատ էլեկտրաէներգիա, քան Հայաստանը՝ ունենալով բնական գազի սեփական պաշարներ։ Համեմատաբար էժան ադրբեջանական էլեկտրաէներգիայի երկարաժամկետ ներմուծումը կարող է հանգեցնել հայկական ՋԷԿ-երի մրցունակության նվազմանը, սեփական արտադրական հզորությունների կրճատմանը, նոր ԱԷԿ-ի կառուցման նախագծային պարամետրերի վերանայմանը։

Ի՞նչ կլինի, եթե տարիներ անց, սեփական արտադրական հզորությունների կրճատման պայմաններում, քաղաքական կամ ռազմական ճգնաժամի հետևանքով Ադրբեջանը դադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը։ Արդյո՞ք Հայաստանը կունենա բավարար արտադրական և պահուստային հզորություններ՝ էներգահամակարգն ինքնուրույն գործարկելու և ներքին պահանջարկը բավարարելու համար։

Հարցն առավել հրատապ է դառնում Հայաստանում արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման համատեքստում։ 100 ՄՎտ մշտական բեռնվածությամբ տվյալների մշակման կենտրոնի տարեկան սպառումը համարժեք է Հայաստանում ներկայումս արտադրվող էլեկտրաէներգիայի շուրջ 9%-ին։ Իսկ Հրազդանի ԱԲ գործարանի հզորությունը 300 ՄՎտ-ի հասցնելու դեպքում, եթե այդ բեռնվածությունը լինի մշտական, խոսքը կլինի արդեն շուրջ 26%-ի մասին։

Ադրբեջանից ներմուծվող էլեկտրաէներգիայի հաշվին այդ պահանջարկը բավարարելու պարագայում էներգետիկ կախվածությունը կտարածվի նաև Հայաստանի թվային ենթակառուցվածքների վրա։

Առանձին խնդիր է տարածաշրջանի էներգահամակարգերի տեխնոլոգիական համատեղելիությունը։ Ադրբեջանը պատմականորեն ընդգրկված է Ռուսաստանի հետ կապված սինքրոն գոտում, իսկ Թուրքիան սինքրոնացված է եվրոպական էներգահամակարգի հետ։ Ինչպե՞ս է նախատեսվում կազմակերպել տարածաշրջանի բոլոր երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքը։ Եվ ի՞նչ տեղ է այս համակարգում հատկացվում Իրանին։

Միջպետական էլեկտրացանցային կապերի աշխարհագրության ընդլայնումը, իհարկե, կարող է հիմնավորված լինել։ Սակայն ցանկացած նման նախագիծ գնահատելիս Հայաստանի համար առանցքային պետք է լինի արտաքին մատակարարումների և միջպետական էլեկտրացանցային կապերի խափանման պայմաններում սեփական էներգահամակարգի կենսունակության ապահովումը»։

  • Կիսվել: