2025-ին եղել են քիչ թվով ապահովագրված հողատարածքներ. Խոջոյանը՝ ապահովագրական ընկերությունների խնդիրների մասին
2025 թվականին եղել են քիչ թվով ապահովագրված հողատարածքներ, դա որոշակի առումով պայմանավորված է այն հանգամանքով, որ ապահովագրական ընկերությունները զսպվածություն են ցուցաբերել: Այն ռիսկերը, որոնց ապահովագրական ընկերություններն առերեսվել են 2021-2023 թվականներին, 2025 թվականին վերջիններիս համար զսպվածություն դրսևորելու առիթ են դարձել: Այդ մասին Ազգային ժողովում 2024-ի պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումների ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:
Նախարարի տեղակալը հիշեցրեց՝ 2023 թվականին ընդհանուր հավաքագրված վճարը 1,8 մլրդ դրամ էր, իսկ ֆերմերներին փոխհատուցված գումարը՝ 2,7 մլրդ դրամ, հետևաբար, ապահովագրական ընկերություններն ավելի քիչ գումար էին հավաքագրել, քան փոխհատուցել են ֆերմերներին: Փոխհատուցումների այս անհամաչափ բաշխվածությունն էր վերաապահովագրող ընկերություններին ստիպել, որ 2024 թվականին դադարեցնեն վերաապահովագրման առաքելությունը:
2025-ին, ըստ նախարարի տեղակալի, ևս կարկուտի դեպքեր են եղել, վնասները գնահատված են, և կան տնտեսվարողներ, որոնց այգիներն ապահովագրված էին:
«Կառավարությունը այս մասով ձեռք մեկնեց ապահովագրական ընկերություններին՝ առաջարկություն անելով մեղմել իրենց ապահովագրական այն ռիսկը, որ կրել էր վերաապահովագրող ընկերությունը: 2025 թվականի համար առաջարկվեց, որ մենք փոխհատուցենք ապահովագրավճարի ոչ թե 50-60 տոկոսը, այլ 70-80 տոկոսը:
Կառավարությունը նաև առաջարկեց ապահովագրական ընկերություններին, որ եթե հավաքագրված ապահովագրավճարի նկատմամբ վնասաբերության տոկոսը 200 տոկոսից ավելի կլինի, ապա Կառավարությունը կփոխհատուցի նաև դրանից ավելի գումարը»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է 2025 թվականի կարկուտի վնասների գնահատմանը, ապա, ըստ նախարարի տեղակալի, մեծ մասի գնահատումներն իրականացված են, հաշվարկներ կան, բայց ոչ բոլոր տվյալներն են ամբողջացված:
«Քննարկումներ ունեցել ենք ֆերմերային տնտեսություններին աջակցության նպատակով, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ հունիս ամսին նույնպես պատմականորեն բավականին ռիսկային է կարկտահարության առումով՝ մենք այս պահին դեռ վերջնական արձագանք չենք ներկայացնում: Հունիսի 20-25-ից հետո՝ արդեն որոշակի ամբողջական պատկեր ունենալուց հետո, նոր կկարողանանք վերջնական արձագանքել»,- ասաց նա: