2018-ից մինչև 2024 թվականը սուբվենցիոն ծրագրերով մարզերում ներդրել ենք 113 մլրդ 722 մլն դրամ. Փաշինյան
2018 թվականից մինչև 2024 թվականի արդյունքներով սուբվենցիոն ծրագրերով մարզերում ներդրել ենք 113 մլրդ 722 մլն դրամ: Այդ մասին Կառավարության՝ փետրվարի 20-ի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրեց, որ 2018-ին, երբ խոսվում էր սուբվենցիոն ծրագրերի մասին, ասվում էր, որ եթե տարին մոտ 5 մլրդ ներդրվի, շատ մեծ արդյունք կլինի:
«113 մլրդ դրամ փաստացի ներդրված է մարզերում, այսինքն՝ շուրջ 270 մլն դոլար. սա միայն պետական բյուջեի մասնաբաժինն է: Այսինքն՝ համայնքային մասնաբաժինն այստեղ չկա»,- ասաց նա:
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն արձագանքեց՝ մոտավորապես այդքան էլ լինում է համայնքային մասնաբաժինը: Այսինքն՝ այս թիվը կարող ենք մոտ 60 տոկոսով ավելացնել՝ նկատեց Փաշինյանը:
«Սա նշանակում է, որ արդեն 500 միլիոնի կարգի գումարի մասին կարող ենք խոսել»,- ասաց Փաշինյանը՝ նկատելով, որ թիվը չի ներառում այն ծրագրերը, որոնք կապված են դպրոցաշինության հետ, մանկապարտեզների կառուցման և այն ծրագրերի, որոնք խոստացվել են ուղիղ բյուջեի միջոցով: