1000 խոշոր հարկատուների ցանկը 2025–ին գլխավորել է «Մոբայլ սենթրը»
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը։
Հրապարակված տվյալներիի համաձայն՝ 2025թ․ 1000 խոշոր հարկատուների կողմից ՀՀ պետական բյուջե վճարված հարկերի և վճարների ընդհանուր գումարը կազմել է մոտ 1 946.5 մլրդ դրամ (≈1.95 տրլն), որից մոտ 1 580.3 մլրդ դրամը՝ հարկային մարմնի մասով, իսկ մոտ 366.2 մլրդ դրամը՝ մաքսային մարմնի մասով։ Նախորդ տարվա՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ (երբ հավաքագրվել էր մոտ 1.77 տրիլիոն դրամ), խոշոր հարկատուների վճարումներն աճել են մոտ 14.6%-ով կամ շուրջ 259 միլիարդ դրամով։
2025թ․ խոշոր հարկատուների տասնյակը ունի այսպիսի տեսք․
| Դիրք | Ընկերություն | Վճարված գումար (մլրդ դրամ) |
|---|---|---|
| 1 | Մոբայլ Սենթր Արտ | 77.9 |
| 2 | Գրանդ Տոբակո | 66.1 |
| 3 | ԶՊՄԿ | 52.2 |
| 4 | Գազպրոմ Արմենիա | 43.2 |
| 5 | Արդշինբանկ | 40.2 |
| 6 | Ամերիաբանկ | 29.0 |
| 7 | Դիջիթեյն | 26.6 |
| 8 | Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ | 25.9 |
| 9 | Սի Փի Էս Էներջի Գրուպ | 24.8 |
| 10 | Սոֆթ Կոնստրակտ | 23.8 |
2025 թվականի խոշոր հարկատուների առաջին տասնյակում նկատվում են մի շարք հստակ ու խոսուն փոփոխություններ։ Առաջատարը դարձել է «Մոբայլ Սենթր Արտ»-ը, որը նախորդ տարի երկրորդն էր՝ շուրջ 66.7 մլրդ դրամով, իսկ այս տարի բարձրացել է առաջին հորիզոնական՝ մոտ 77.9 մլրդ դրամ վճարումով։ Այս փոփոխությունը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախկին առաջատար ԶՊՄԿ-ն զգալիորեն նվազեցրել է վճարած հարկերի ծավալը․ եթե 2024-ին այն վճարել էր ավելի քան 101.9 մլրդ դրամ, ապա 2025-ին՝ գրեթե 2 անգամ քիչ, և այդ ցուցանիշն այլևս թույլ չի տվել պահպանել առաջատար դիրքը։
«Գրանդ Տոբակո»-ն շարունակում է մնալ կայուն խաղացող խոշոր հարկատուների շարքում․ անցած տարի երրորդն էր՝ շուրջ 63.5 մլրդ դրամով, իսկ այս տարի արդեն երկրորդ տեղում է՝ ավելի քան 66 մլրդ դրամով, փաստացի պահպանելով իր ծանրակշիռ ներկայությունը բյուջեի ձևավորման մեջ։
Առաջին տասնյակի հետաքրքիր նորություններից մեկն այն է, որ Արդշինբանկը առաջ է անցել Ամերիաբանկից և զբաղեցնում է 5-րդ տեղը՝ շուրջ 40.2 մլրդ դրամով։ Այսպիսով, 2025-ին խոշոր հարկատուների տասնյակում արդեն ունենք բանկային համակարգի երկու ներկայացուցիչ, ինչը բավական խոսուն փաստ է ֆինանսական ոլորտի ակտիվացման տեսանկյունից։
Տասնյակում երկու ներկայացուցիչ ունի նաև խաղադրույքների և խաղային ՏՏ լուծումների մշակման ոլորտը, որի ներկայացուցիչներից Դիջիթեյնը նախորդ տարվա համեմատ գրեթե կրկնապատկել է վճարած հարկերի ծավալը և բարձրացել 7-րդ հորիզոնական, իսկ Սոֆթ Կոնստրակտը նախորդ տարվա համեմատ բարձրացել է 2 հորիզոնականով՝ ավելացնելով վճարած հարկի ծավալը շուրջ 5 մլրդ դրամով։
2025 թվականին հեռահաղորդակցության ոլորտից առաջին տասնյակում որևէ ընկերություն չկա։ «Վիվա Արմենիա»-ն զբաղեցնում է 16-րդ տեղը՝ շուրջ 18.8 մլրդ դրամ վճարումով, «Յուքոմ»-ը՝ 26-րդ տեղը՝ 11.9 մլրդ դրամով, իսկ «Տելեկոմ Արմենիա»-ն՝ 31-րդ տեղը՝ մոտ 9.8 մլրդ դրամով։


