Վարձատրության գործակիցներ կկիրառվեն նաեւ բանակի սերժանտի, կորպուսի սերժանտի եւ շտաբի սերժանտի համար
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 27-ի նիստում հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող
անձանց վարձատրության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին, որով վարձատրության գործակիցներ են սահմանվում զինծառայողների վարձատրության համակարգում բանակի (գլխավոր շտաբի) սերժանտի, կորպուսի սերժանտի և շտաբի սերժանտի համար:
Հիմնավորման մեջ նշվում է, որ կառավարության ծրագրային քաղաքականության մաս է հանդիսանում նաև զինված ուժերում սերժանտական համակարգի զարգացման խթանումը:
Արևմտյան պետությունների, ինչպես նաև արևելյան Եվրոպայի բանակների սերժանտական համակարգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գնդային մակարդակից բարձր սերժանտական համակարգը ներառում է գլխավոր շտաբի և բանակային ուղղությունների սերժանտների առկայություն, որոնք ղեկավարում են ցածր օղակի սերժանտների գործունեությունը և ապահովում են սերժանտական համակարգի հրամանատարական ուղղահայացը:
Օրենքի նախագծի ընդունմամբ համապատասխան պաշտոնների ամբողջական համալրման արդյունքում տարեկան վարձատրության ընդհանուր գումարը կազմում է մոտ 404,100.0 հազար դրամ՝ պաշտոնների գործակիցների, դրանց համար հավելումների և ատեստավորման արդյունքներով հավելավճարների նախատեսման շրջանակներում, որն ապահովվելու է ՀՀ պաշտպանության նախարարությանն աշխատավարձի ուղղությամբ հատկացված ընդհանուր միջոցների հաշվին: