երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարար

Բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի գերակշիռ մասը ուղղակիորեն կապված չէ զորամասում տեղի ունեցածի հետ. փոխնախարար

Բանակում մահվան դեպքերի առկայությունը անհանգստություն է պատճառում եւ մեզ համար համարվում է ողբերգալի. ՊՆ ղեկավարության ուշադրության կենտրոնում է այդ դեպքերի կանխումը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ԱԺ-ում NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով բանակում ոչ մարտական պայմաններում զոհերի մտահոգիչ խնդրին:

«Մենք չենք արդարացնում որեւէ բան, սակայն երբ ասում են՝ զինվորների մահվան դեպքեր, թվաքանակ, անպայման ցանկալի է ինչ-որ ձեւով տեղեկանալ այդ կառուցվածքի մասին, թե այդ թիվը ինչ դեպքերի հիման վրա է գոյանում: Ցանկանում եմ տեղեկացնել, որ մեր դեպքերը, որոնք հանրության շրջանում մեծ աղմուկ են բարձրացնում, հիմնականում ինքնասպանություններ են: Այդ ամբողջության մեջ նաեւ այնպիսի դեպքեր են, որ, օրինակ, տրանսպորտային պատահար է, երբ զինծառայողը ծառայությունից դուրս իր տրանսպորտային միջոցը վարելիս զոհ է դարձել, էլեկտրահարվել է ոչ ծառայության վայրում: Այս բոլոր դեպքերը վիճակագրության մեջ արտացոլվում են որպես խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքեր»,-ասաց նա:

Փոխնախարարի խոսքով, քննչական մարմինների գործունեության արդյունքներով նաեւ այդ մահերի հետ կապված հետեւանքներ են լինում այդ դեպքերին որեւէ առնչություն, մասնակցություն ունեցած անձանց նկատմամբ:

Նա պնդեց, որ այդ մահվան դեպքերի մեջ գերակշիռ մասը այն դեպքերն են, որոնք ուղղակիորեն կապված չեն զորամասում տեղի ունեցածի հետ:

«Մեզ վիճակը շատ է մտահոգում, այդ խնդիրները վերլուծվում են, վեր են հանվում, կանխարգելիչ միջոցառումներ են իրականացվում, սակայն դրանք որքանով են բավարարում, որ այլեւս նման դեպքեր տեղի չունենան, բնականաբար, չի բավարարում: Մեր երազանքն է, որ բացառվեն ոչ կանոնադրական հարաբերությունները կամ որեւէ այլ միջադեպերը»:

ՊՆ փոխնախարարը տեղեկացրեց, որ այս տարի  նախորդ տարվա համեմատ բանակում խաղաղ պայմաններում մահվան դեպքերի աճ չունեն, անգամ ունեն նվազում. «Սա պետք չի ընդունել որպես արդարացում, բայց դինամիկայի մեջ աճ չունենք»:

  • Կիսվել: